Դեպի Հայաստան դրամական փոխանցումներ կատարվել են նաև մինչև Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի անդամակցելը։ Այս մասին նոյեմբերի 11-ին՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի հարցերին։

Ֆարմանյանը հետաքրքրվել էր, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման դեպքում դրամական փոխանցումների կրճատումն ինչպիսի՞ սոցիալական հետևանքներ կարող է ունենալ։ Պատգամավորն ընդգծել էր, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ապրում են արտերկրում աշխատող հարազատների ուղարկած գումարների հաշվին։

«Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է արձանագրել հետևյալը. մի՞թե մինչև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելը դրամական փոխանցումներ չկային։ Մի՞թե մարդիկ չէին մեկնում արտագնա աշխատանքի։ Ավելին ասեմ՝ Հայաստանից ավելի շատ մարդ էր մեկնում, և նրանք շատ ավելի մեծ գումարներ էին ուղարկում։ ԵԱՏՄ անդամակցությունն ի՞նչ կապ ունի Հայաստան գումար փոխանցելու հետ։ Սխալ է երկրի տնտեսական զարգացումն ու մասնավոր տրանսֆերտները բացառապես այդ անդամակցությամբ պայմանավորելը», — ասել է Հովհաննիսյանը։

Նախարարն իր պատասխանում, սակայն, շրջանցել է այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան միության երկրներում աշխատել տեղացիների հետ հավասար պայմաններով և աշխատանքային պայմանագրի գործողության ողջ ժամկետով կացության կարգավիճակ ունենալ։

Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է հավասարակշռված վերլուծել անդամակցության օգուտներն ու դրա ազդեցությունը երկրի զարգացման վրա։ Նախարարը նշել է, որ կառավարությունն արդեն կատարել է նման աշխատանք և համաձայն չէ քննարկման ընթացքում հիշատակված այն զեկույցի եզրահանգումներին, որտեղ Հայաստանի հաջողությունները վերագրվում են բացառապես ԵԱՏՄ-ին։

Ի պատասխան՝ Ֆարմանյանը պարզաբանել է, որ իր հարցը վերաբերում էր նաև հնարավոր քաղաքական որոշումներին ու պատժամիջոցներին։ Ըստ նրա ներկայացրած սցենարի՝ անդամակցության կասեցումը կարող է ուղեկցվել մի շարք սահմանափակումներով, այդ թվում՝ դրամական փոխանցումների նվազմամբ։

Հովհաննիսյանը նման հնարավոր պատժամիջոցներն անվանել է «թշնամական գործողություններ»։

«Ձեր նկարագրած սցենարը, օրինակ՝ ԵԱՏՄ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը, ես համարում եմ թշնամական գործողություն։ Չգիտեմ՝ ինչու պետք է մեր գործընկերների հետ թշնամական հարաբերություններ ունենանք, այն էլ այնպիսի հարաբերություններ, որ նրանք ստիպված լինեն մեր դեմ պատժամիջոցներ կիրառել», — եզրափակել է ֆինանսների նախարարը։