ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2026 թ. նոյեմբերի 14-21-ը կազմակերպում է Մեդիագրագիտության շաբաթը, որն այս տարի անցկացվում է «Դիմակայելու արվեստը» խորագրի ներքո։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

Մեկշաբաթյա միջոցառումներին միանալու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ դպրոցներին՝ առաջարկելով տարաբնույթ նախագծերով միանալ Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին:

Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է արդեն իններորդ անգամ։ Օգտվելով առկա կրթական ռեսուրսներից՝ այն հնարավորություն է ստեղծում կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների՝ նպատակ ունենալով բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը, օգնել սովորողներին ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում։

Շաբաթվա ընթացքում կրթական կառույցների և կազմակերպությունների հետ համատեղ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է հանդիպումներ՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչների՝ Երևանից և մարզերից։ Նոյեմբերի 14-ին Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական մեկնարկը կազդարարվի Գեղագիտության ազգային կենտրոնում (հասցե՝ Սայաթ Նովա 6)՝ «Ազատ խոսքի արվեստը» ցուցահանդեսի բացմամբ։

Պաշտոնական միջոցառման ավարտից հետո տեղի կունենան «ԱԲ գրագիտություն» և «Մեդիան, արվեստը և կրթությունը․ պատրաստելով երեխաներին իրական աշխարհին» թեմաներով աշխատարաններ (բացման միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ):