Մամիկոն Ասլանյանը չի արդարացվել ընդամենը մի քանի հոդվածից մեկով է արդարացվել, և դրանով ապացուցելով, որ դատական համակարգը նորմալ աշխատում է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Վանաձորի նախկին քաղաքապետ, այժմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, որը ձգվում է արդեն տարիներ։

«Նա այդ նույն դատարանի հետ եկել է համաձայնության, որ այն մնացած հոդվածները ոչ արդարացնող հիմքով վաղեմության ժամկետով կարճում են։ Բա եթե արդար էր Մամիկոն Ասլանյանը, այդ հանցանքները չէր գործել, թող այդտեղ էլ գնար մինչև վերջ, ասեր՝ արդարացրեք ինձ։ Ինքը համաձայնվել է, որ ոչ արդարացնող հիմքով այդ գործերը կարճվեն, հետևաբար հանգիստ կարող եք ինքներդ էլ պնդել, որ այդ արարքները կատարել է Մամիկոն Ասլանյանը։ Հետևաբար նրա նկատմամբ քրեական գործի մնացած հոդվածներով ամբողջությամբ օրենքի սահմաններում էր և նույնիսկ թույլ տվեք շատ զարմանալի, թե ինչի այդքան ձգվեց, որ վաղեմության ժամկետ կիրառվեց։

Մի դրվագով արդարացվել է, այսինքն, եթե դատարանի վրա ցուցում կա ու այդտեղ վաղեմության ժամկետի հարց չկա, այդ մի դրվագով մեղավոր կճանաչվեր, բայց ինքը այդ մի դրվագով արդարացվել է, մնացած դրվագներով համաձայնվել է, որ ոչ արդարացնող հիմքով գործը կարճվի»,– ասաց նա։