Մենք ակնկալում ենք, որ դեպի Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սահմանափակումները կվերացվեն, կամ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ջանքերը հաջողությամբ կպսակվեն։ Այս մասին նոյեմբերի 11-ին խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցերին։
Նախարարի հավաստմամբ՝ այդ դժվարությունները պետական բյուջեի եկամուտների վրա որևէ էական ազդեցություն չեն ունենում։ Այդուհանդերձ, արտահանման սահմանափակումներից տուժածներին աջակցելու անհրաժեշտությունը հանգեցրել է լրացուցիչ ծախսերի։
Խաչատրյանին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե պետական բյուջեի նախագծում որքանով են հաշվի առնվել արտաքին տնտեսական ռիսկերը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում գործող առավելություններից հնարավոր զրկման հետևանքները։ Պատգամավորը հետաքրքրվել է՝ ներկայացված կանխատեսումները տարբեր սցենարների միջինացված արդյո՞ւնքն են, թե՞ առավել լավատեսական տարբերակը։
«Մեր սցենարը միջինացված չէ։ Մենք վերցրել ենք առավել իրատեսական սցենարը»,– պատասխանել է Հովհաննիսյանը։
Նախարարը նշել է, որ իրականացվում է ռիսկերի գնահատում, և նախատեսվում են պահուստային ֆոնդեր՝ դրանց հնարավոր ազդեցությունը մեղմելու համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ չի կարող ասել, թե այդ ռիսկերն ինչ չափով կիրականանան։
Անդրադառնալով Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանման դժվարություններին՝ Վահե Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ կա՛մ այդ սահմանափակումները կվերացվեն, կա՛մ դիվերսիֆիկացման ջանքերը հաջողությամբ կպսակվեն։
«Այս առումով մենք արդեն մեծ հաջողությունների ենք հասել։ Միաժամանակ կարևոր է նաև նշել, որ գյուղատնտեսության ոլորտն ինքնին չի հարկվում։ Ուստի մեր բյուջեի եկամուտների վրա էական ազդեցություն չկա»,– նշել է կառավարության ներկայացուցիչը։
Ֆինանսների նախարարը հավելել է, որ այս ոլորտում բազմաթիվ քաղաքացիներ են աշխատում։ Նրա խոսքով՝ այս տարի առաջացած խնդիրների ազդեցությունը դրսևորվել է նրանց աջակցելու համար լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտությամբ։ Այդուհանդերձ, նախարարի գնահատմամբ՝ այդ ծախսերի ծավալը չի ազդել ներկայացված բյուջետային սցենարի վրա։





























