«Կասպերսկիի լաբորատորիայի» մասնագետները Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում համակարգչային նոր վտանգավոր վիրուս են հայտնաբերել: Flame վիրուսը, որն անգլերենից թարգմանվում է «բոց», մշակվել է կիբերլրտեսության նպատակով: Այն, հավանաբար, նախատեսված է եղել Իրանում, Հորդանան գետի արեւմտյան ափում, Լիբանանում եւ Արաբական միացյալ էմիրություններում ոչ մեծ թվով կազմակերպությունների եւ մասնավոր անձանց համար:
Իրանում վիրուսն ախտահարել է նավթի նախարարությունը, նաեւ նավթային տերմինալները: Դա իրանական ղեկավարությանն ստիպել է ձեւավորել «ճգնաժամային հանձնաժողով», որը կարգադրել է համացանցից անջատել նավթային վեց գլխավոր տերմինալները, այդ թվում` խոշորագույնը` տեղակայված Խարգ կղզում. Այն պատասխանատու է իրանական նաթի արտահանման 90% -ի համար, գրում է BFM.ru-ն:
Թեեւ Իրանի ներկայացուցիչները պնդում են, որ վիրուսի տարածումը կանգնեցվել է, եւ տեղեկատվության հիմնական ծավալն անվնաս է, հիմքեր կան ենթադրելու, որ վիրուսը նախարարության համակարգչային ցանց ներխուժել է շատ ամիսներ առաջ եւ կատարել տեղեկատվության հավաքման եւ ուղարկման գլխավոր առաջադրանքը: Նավթի նախարարության համակարգիչների վրա հարձակումը տեղի է ունեցել ապրիլի վերջին:
Վիրուսը տարածվել է նաեւ Հունգարիայում, Ռուսաստանում, Ավստրիայում եւ Հոնկոնգում, թեեւ չի բացառվում, որ այս երկրներ պատահաբար է հասել:
Այսօրվա դրությամբ «Կասպերսկիի լաբորատորիայի» մասնագետները Flame վիրուսը հայտնաբերել են Իրանում (189 համակարգիչ), Իսրայելում/Պաղեստինում (98), Սուդանում (32), Սիրիայում (30), Լիբանանում (18), Սաուդյան Արաբիայում (10), Եգիպտոսում (5):
Մեծ հավանականություն կա, որ Flame ծրագրի ստեղծմանը ներգրավված են ոչ թե հաքերային առանձին խմբավորումներ, այլ ինչ-որ երկիր, անգամ` երկրներ: «Կասպերսկիի լաբորատորիայում» կարծում են, որ Flame-ը պատկանում է բարդ կիբերզենքերի թվին:




























