Մեծ Բրիտանիայում երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ԱՄՆ բանակի 41-ամյա զինծառայող, հայտնում է CNN-ը։

Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ զինծառայողին ձերբակալել են բրիտանական հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները՝ ամերիկյան իշխանությունների, ԱՄՆ զինվորականների և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ սերտ համագործակցությամբ։ Նա պահվում է Լոնդոնի ոստիկանական բաժանմունքներից մեկում։

«41-ամյա տղամարդը ձերբակալվել է երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, Գլոսթեր քաղաքի մոտակայքում։ Նա կասկածվում է 2023 թվականի Ազգային անվտանգության մասին օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ», — ասված է ոստիկանության հայտարարության մեջ։

1-ին հոդվածը վերաբերում է պաշտպանվող տեղեկատվության հետ վարվելուն, իսկ 3-րդ հոդվածը՝ օտարերկրյա հետախուզական ծառայությանն աջակցելուն։

«Հետաքննության շրջանակում իրավապահները խուզարկություններ են իրականացնում Գլոսթերշիր կոմսության երկու հասցեներում։ Երկիրը, որին առնչվում են մեղադրանքները, Ռուսաստանն է», — հայտնել են ոստիկանությունից։

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը CNN-ին պատմել է, որ ձերբակալված զինծառայողը կցված է եղել Դաշնակցային ուժերի արագ արձագանքման կորպուսին՝ Մեծ Բրիտանիայի հրամանատարությամբ գործող ՆԱՏՕ-ի ստորաբաժանմանը, որի կենտրոնակայանը գտնվում է Գլոսթերում։

ԱՄՆ բանակի հակահետախուզության հրամանատար, բրիգադի գեներալ Շոն Սթինչոնը հայտարարել է, որ ձերբակալված ավագ զինծառայողը հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկատվությանը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ խոսքը դաշտային օղակի սպայի մասին է. այս դասին են պատկանում մայորի, փոխգնդապետի և գնդապետի կոչում ունեցող միջին ու ավագ հրամանատարական կազմի սպաները։

ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելն ընդգծել է, որ գործն առնչվում է լրտեսության կասկածներին։

«Քանի դեռ հետաքննությունը շարունակվում է, ուզում եմ հստակ հայտարարել. ՀԴԲ-ն չի հանդուրժի նրանց գործողությունները, ովքեր դրժում են Միացյալ Նահանգներին տված իրենց երդումը և իրենց արարքներով վտանգի տակ դնում մեր ու մեր գործընկերների ազգային անվտանգությունը», — հայտարարել է Պատելը։

Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ Մոսկվան կատարվածի հետ որևէ կապ չունի։

«Մենք դրա հետ բացարձակապես ոչ մի առնչություն չունենք, և դա մեզ հետ ոչ մի կերպ կապված չէ։ Այդ ձերբակալությունը մեզ հետ կապ չունի, և մենք տեղյակ չենք, թե ինչով է այն պայմանավորված», — ասել է Պեսկովը։

Վերջին շրջանում բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը հետաքննել է նաև Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինվորականների ներկայության հետ կապված այլ միջադեպեր, այդ թվում՝ ԱՄՆ զինված ուժերի օգտագործած ռազմաբազաների մոտակայքում տեղի ունեցած պատահարներ։

Սեպտեմբերին իշխանությունները հինգ տղամարդու էին ձերբակալել Թագավորական ռազմաօդային ուժերի «Ֆերֆորդ» ավիաբազայի մոտակայքում, որն ԱՄՆ-ն օգտագործում է Իրանին հարվածներ հասցնելու համար։ Ավելի ուշ բրիտանական դատախազությունը Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացու մեղադրանք առաջադրեց ազգային անվտանգության մասին օրենքով։ Ըստ քննության վարկածի՝ նրանք կասկածվում են Իրանին աջակցելու մեջ։ Թեհրանը հերքել էր իր առնչությունն այդ միջադեպերին։

Երեքշաբթի օրը ԱՄՆ իշխանությունները նաև իրանական զինված խմբավորման առաջնորդին մեղադրեցին «Ֆերֆորդ» ավիաբազայի վրա ձախողված հարձակումը կազմակերպելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա ցուցումներ է տվել Նյու Յորքի բանտից՝ գաղտնագրված հաղորդագրությունների միջոցով։

Հոկտեմբերին բրիտանական հակաահաբեկչական ոստիկանությունը հայտնել էր նաև Թագավորական ռազմաօդային ուժերի «Մոլսվորթ» ավիաբազայում (որից օգտվում են ամերիկացի զինծառայողները) Լատվիայի երկու քաղաքացու ձերբակալությունից հետո սկսված հետաքննության մասին։

Միևնույն ժամանակ, Լոնդոնի ոստիկանությունն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականի դեմ հարուցված ներկայիս գործը կապված չէ բրիտանական հակաահաբեկչական ստորաբաժանումների վարած մյուս հետաքննությունների հետ։