Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած հանգամանքները:

«Խցակիցները մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 10-ի առավոտյան Արսենը գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից, ասել է, որ կրծքի հատվածում ունի այրոցներ, խցակիցները տեղեկությունը փոխանցել են աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով, կանչել են հերթապահ բուժակին»,- «Ազատությանը» պատմել է Դիտորդական խմբի ղեկավար Արման Սահակյանը:

«Բժշկական աջակցությունը, ըստ խցակիցների, եղել է ներարկման տեսքով, կարծես թե ցավազրկման տեսանկյունից, և զուգահեռաբար շտապօգնություն է կանչվել: Շտապօգնության ժամանման պահին, խցակիցների փոխանցմամբ, Արսեն Գևորգյանը դեռևս գիտակից է եղել, սակայն գտնվել է արդեն ծայրահեղ ծանր, մահամերձ վիճակում»,- նշեց դիտորդական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ քննությունը պետք է ցույց տա, թե ինչ դեղորայք է ներարկվել Գևորգյանին:

Իսկ ինչո՞ւ է բուժակը մոտեցել, արդյոք Նուբարաշենի բանտում բժիշկ չկա՞. Արման Սահակյանի փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկը ունի բժիշկ, սակայն նա տեղում է լինում միայն աշխատանքային ժամերին, ոչ աշխատանքյաին ժամերին հերաթապահություն է իրականացնում բուժակը:

Դիտորդական խմբի ղեկավարն ասաց՝ իրենք չեն կարող գնահատական տալ, թե եթե տեղում բժիշկ լիներ, հնարավոր կլիներ փրկել Գևորգյանի կյանքը: Շեշտեց, որ դա մասնագիտական հարց է:

Քրեկատարողական հիմարկից դիտորդներին նաև փոխանցել են, որ Արսեն Գևորգյանը իրենց մոտ ընդունվել է հոկտեմբերի 22-ին, անցել է բուժզննություն, առողջական լուրջ խնդիր չեն հայտնաբերվել, Գևորգյանն էլ առողջական որևէ խնդրի մասին չի հիշատակել:

46-ամյա Արսեն Գևորգյանը անցած ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն էր: Նա հոկտեմբերի 25-ի ընտրություններից առաջ կալանավորվել էր ընտրակաշառք տալու մեղադրանքով: