Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Վաշինգտոնի՝ Թեհրանին ուղղված կոչերը կրկնելու համար, որոնցով առաջարկվում է բնակչության բարեկեցությունն ապահովելու նպատակով ընդունել ամերիկյան պահանջները։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման քաղաքականության հիմքում ընկած մոլորությունները հանգեցնում են ամերիկյան ռազմավարության ձախողմանը։
Իր հրապարակման մեջ Արաղչին Ռուբիոյի վերջին հայտարարությունները համեմատել է ութ տարի առաջ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոյի արած հայտարարությունների հետ։
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի տնտեսական ճնշումն արտացոլում է սխալ քաղաքական ուղեգիծը, որը վնաս է հասցրել նաև Կուբայի ժողովրդին։
«Ութ տարի առաջ Պոմպեոյի պես մի մուլտհերոս հայտարարում էր, որ իրանցիները պետք է ենթարկվեն Սպիտակ տան թելադրանքին, «եթե ուզում են ուտել»։ Այսօր Ռուբիոն, որի կուբացի հայրենակիցները տառապում են նույն քաղաքականությունից, կրկնում է այդ անհեթեթությունը»,- գրել է Արաղչին։
«Մի կողմ թողնենք անմարդկայնությունը։ Հենց մոլորություններն են հանգեցնում ԱՄՆ քաղաքականության ձախողմանը»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը դեռևս Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ տնտեսական ճնշումը լուրջ վնաս է հասցնում երկրին։ Դրա մասին նա հայտնել է Փարիզում G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը։
«Տնտեսական արշավը [Իրանի դեմ] այնքան կործանարար է, որ այս պահին լայնածավալ մարտական գործողությունների անհրաժեշտություն չկա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ ինքն այդ դիրքորոշումը ներկայացրել է դաշնակիցներին։
Ինչպես Reuters-ին հայտնել են G7-ի երկրների չորս դիվանագետներ, Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի «կործանարար» տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա։ ԱՄՆ պետքարտուղարի գնահատմամբ՝ պատժամիջոցները սահմանափակում են տարածաշրջանում իր գործունեությունը ֆինանսավորելու և իրեն դաշնակից զինված խմբավորումներին աջակցելու Թեհրանի հնարավորությունները։ Նա միաժամանակ հասկացրել է, որ ԱՄՆ-ը գործողությունների այլ տարբերակներ ունի՝ բացի պատերազմը վերսկսելուց կամ Վաշինգտոնի համար անընդունելի՝ Իրանի պայմաններն ընդունելուց։





























