Արևմտյան մի շարք երկրներ «բառացիորեն որս են հայտարարել» ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ։ Հայաստանը բացառություն չէ․ 2026 թվականի սկզբից հանրապետությունում արտերկրից ստացված համապատասխան հարցումների հիման վրա ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի։ Դրա մասին նոյեմբերի 11-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքները «հաճախ առհասարակ իրականության հետ որևէ առնչություն չունեն»։

«Ընդ որում, դա նկատելի է նույնիսկ շարքային քաղաքացուն, որը կարող է ստուգել այդ տեղեկությունը։ Բնականաբար, գործերի նման վիճակը մեզ լրջորեն մտահոգում է։ Մեր դիվանագետները պարբերաբար այցելում են համապատասխան հաստատություններում գտնվող հայրենակիցներին։ Տեղեկություններ կան, որ նրանցից ոմանց առողջական վիճակը վատթարացել է։

Ավելի քան մեկ տարի առաջ մենք հայ գործընկերներին առաջարկել ենք այս խնդրի կարգավորման իրավական տարբերակ՝ համապատասխան երկկողմ համաձայնագրի ստորագրում։ Նախագիծը փոխանցվել է Երևանի դիտարկմանը՝ հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունները։ Այդուհանդերձ, մինչ օրս որևէ բովանդակային արձագանք չենք ստացել»,- հայտարարել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիները «չպետք է դառնան քաղաքական իրադրության պատանդներ»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական կողմը կշարունակի իրավիճակը պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր գործադրել նրանց ազատ արձակելու համար։