Գերմանիայի պաշտպանության նախարարությունը զինված ուժերում սեռական ոտնձգությունների և ոչ իրավաչափ վարքագծի դեմ պայքարի 34 միջոցառումից բաղկացած ծրագիր է մշակել։ Պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է նման խախտումների նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականության մասին՝ Բունդեսվերում դրանց լայն տարածվածությունը բացահայտած հետազոտության հրապարակումից հետո, գրում է Tagesschau-ն։
«Բունդեսվերում սեռական բնույթի ոչ իրավաչափ վարքագծի նկատմամբ հանդուրժողականություն չի լինելու։ Զրոյական հանդուրժողականությունը մեր սկզբունքն է»,- հայտարարել է Պիստորիուսը Բեռլինում՝ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովին հետազոտության արդյունքները ներկայացնելուց հետո։ Նախարարը նշել է, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն մարդկային արժանապատվությանը, այլև բանակի մարտունակությանը։
Ըստ հետազոտության՝ հարցված կին զինծառայողների 72%-ը և տղամարդկանց 31%-ը հայտնել են, որ ծառայության ընթացքում առնվազն մեկ անգամ բախվել են խոսքային ոտնձգությունների։ Հարցմանը նախորդած 12 ամսվա ընթացքում նման դեպքերի մասին հայտնել են կանանց 38%-ը և տղամարդկանց 16%-ը։ Նույն ժամանակահատվածում սեռական բնույթի ոչ իրավաչափ վարքագծի ֆիզիկական դրսևորումների են ենթարկվել կանանց 9%-ը և տղամարդկանց 3%-ը։ Հարցված երկու սեռի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի 2%-ը հայտնել է սեռական բռնության մասին։
Հետազոտության համար գիտնականները հարցաթերթիկներ են ուղարկել շուրջ 45 հազար զինծառայողի, որոնց մոտ 18%-ը պատասխանել է։ Հետազոտողների գնահատմամբ՝ ստացված տվյալները թույլ են տալիս ներկայացուցչական պատկեր կազմելու տեղի ունեցողի մասին։ Ընդ որում, ըստ հետազոտության՝ նման միջադեպերի թիվը երեքից հինգ անգամ գերազանցում է պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը։ Տուժածներից շատերը բողոք չեն ներկայացնում՝ ղեկավարության նկատմամբ վստահության պակասի և մտավախության պատճառով, որ իրենց դիմումները պատշաճ կերպով չեն քննվի։
Պաշտպանության նախարարության ծրագիրը նախատեսում է կանխարգելման ուժեղացում, քննությունների կատարելագործում և տուժածներին տրամադրվող աջակցության ընդլայնում։ Նոյեմբերի սկզբին աշխատանքն է սկսել HELP խորհրդատվական ծառայությունը, որը գործում է Բունդեսվերի հրամանատարական հիերարխիայից դուրս։ Հետագայում այն պետք է հասանելի դառնա շուրջօրյա։
Բացի դրանից, հրամանատարների ծառայողական գործունեությունը գնահատելիս հաշվի է առնվելու նրանց վերաբերմունքը ոչ իրավաչափ վարքագծի դեպքերին։ Պիստորիուսը նախազգուշացրել է, որ նրանք, ովքեր թույլ են տալիս խախտումներ կամ չեն ապահովում դրանց հետևողական քննությունը, չպետք է ղեկավար պաշտոններ զբաղեցնեն։ Նախատեսվում է նաև ստեղծել հատուկ քննչական խումբ՝ անմիջապես տեղերում աջակցություն ցուցաբերելու համար։
Նախարարն ընդգծել է, որ այս հետազոտությունը վերջինը չի լինելու․ իշխանությունները մտադիր են շարունակել խնդրի ուսումնասիրությունը և գնահատել ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը։





























