ՀԱՊԿ երկրները որոշել են Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը, որը նախատեսում է անդամավճարների գծով պարտքի պատճառով ձայնի իրավունքից զրկում։ Դրա մասին նշվում է Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթերի ցանկում։

Փաստաթուղթը վերնագրված է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու մասին»։

Ըստ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում ՀԱՊԿ բյուջեի նկատմամբ իր պարտքը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել քվոտայով հատկացվող պաշտոնների համար թեկնածուներ առաջադրելու նրա իրավունքը, ինչպես նաև զրկել նրան ձայնի իրավունքից։ Այս սահմանափակումները գործում են մինչև պարտքի ամբողջական մարումը։