Պահպանված վեց Apple-I աշխատող համակարգիչներից մեկը սակարկության կդրվի Sotheby`s-ի հունիսյան աճուրդներում:

Դա ոչ թե համակարգիչ է այսօրվա ընկալմամբ, այլ ավելի շուտ մայր պլատա` փայտե կորպուսով, նշում է CyberSecurity.ru-ն:

Համակարգչի սակարկությունները կսկսեն 180 000 դոլարից: Աճուրդի կհանվի նաեւ հանգուցյալ Սթիվ Ջոբսի նամակը Atari ընկերությանը, որն զբաղվում է վիդեոխաղերի արտադրությամբ:

Apple-I առաջին համակարգիչները ձեռքով հավաքել է Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, իսկ  դրանց  գովազդով զբաղվել է Սթիվ Ջոբսը: 1976թ. հուլիսին  Apple-I համակարգիչները վաճառքի հանվեցին մոգական` 666,66 դոլար արժեքով: Ընդհանուր թվով շուրջ 200 նմանատիպ համակարգիչներ էին արտադրվել: Աճուրդի տան ներկայացմամբ` այսօր այս կամ այն տեսքով շուրջ  50 Apple-I համակարգիչներ են պահպանվել, բայց դրանցից միայն վեցն են աշխատում: Վեցից մեկն էլ հանվել է աճուրդի:

Apple-I համակարգիչները առանց կորպուսի պլատաներ են` ստեղնաշարով եւ մոնիտորով:

2010թ. Christie`s աճուրդի տունն արդեն վաճառել է Apple-I համակարգիչ` 213 000 դոլարով, ընդ որում` այդ Apple-I սարքն ուներ որոշ ոչ բնօրինակ բաղադրիչներ, բայց վաճառվել էր Սթիվ Ջոբսի ձեռքով գրված նամակի հետ մեկտեղ:

Համակարգչի հետ միաժամանակ, բայց որպես առանձին լոտ աճուրդի կհանվի Սթիվ Ջոբսի չորսէջանոց նամակը  Atari ընկերությանը, որը գնահատում են  10 000 - 15 000 դոլար: