«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը և «Սերբիագազի» դիտորդ խորհրդի նախագահ Ալեքսանդր Վուլինը քննարկել են Սերբիա ռուսական գազի հետագա մատակարարումների հնարավորությունը, հայտնել են ռուսական ընկերության մամուլի ծառայությունից։

2026 թվականի սկզբից կողմերը մի քանի անգամ երկարաձգել են մատակարարումների մասին համաձայնագիրը։ Վերջին անգամ պայմանավորվածությունները թարմացվել են սեպտեմբերին՝ համաձայնեցնելով արտոնյալ պայմաններով մատակարարումների շարունակումը մինչև դեկտեմբերի 31-ը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Վուլինը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Մոսկվային և Բելգրադին կհաջողվի գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքել, որը շահավետ կլինի երկու երկրների համար։

Ռուսական բնական գազի մատակարարումները Սերբիա սկսվել են 1978 թվականին։ Հանրապետությունում «Գազպրոմի» հիմնական գործընկերը պետական «Սերբիագազ» ընկերությունն է։ Ընկերությունների միջև երկարաժամկետ պայմանագրի ժամկետը լրացել է 2025 թվականի ամռանը, որից հետո կողմերն անցել են կարճաժամկետ համաձայնագրերի։

2021 թվականից ռուսական գազը Սերբիա է մատակարարվում «Բալկանյան հոսք» գազատարով, որը «Թուրքական հոսքի» շարունակությունն է։ Բացի ռուսական մատակարարումներից, երկիրը բնական գազ է ստանում նաև Ադրբեջանից։