Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնի (China National Opera House) վեհաշուք դահլիճում, հնչել են հայկական դասական երաժշտության գլուխգործոցներ․ այստեղ ամփոփվել են Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի արդյունքները։
Գլխավոր բեմահարթակը համախմբել է մոլորակի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդ տաղանդավոր երաժիշտների՝ խաչատրյանական ժառանգությունը վերածելով մշակույթների երկխոսության հարթակի։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Գևորգյանը, մրցույթը երիտասարդ կատարողներին հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց ներուժը միջազգային մակարդակում։ «Արամ Խաչատրյանի անվան պատանեկան մրցույթն անցկացվում է բացառապես Չինաստանում, և դա հիանալի հնարավորություն է Հայաստանի, Չինաստանի և այլ երկրների երիտասարդների համար՝ դրսևորելու իրենց տաղանդն ու մուտք գործելու երաժշտական մեծ աշխարհ։ Այդ տեսանկյունից մրցույթը եզակի է։ Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս շփվելու միմյանց հետ, համագործակցելու համաշխարհային երաժշտական հանրության հետ և փաստացի մշակութային կամուրջ է ծառայում ոչ միայն Հայաստանի և Չինաստանի, այլև մեր երկրների ու ամբողջ աշխարհի միջև»,- ընդգծել է դեսպանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս լայնածավալ նախագիծը վաղուց դուրս է եկել երկկողմ ձևաչափի շրջանակից։
«Միջոցառումն իսկապես միջազգային նշանակություն ունի։ Սա հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունները բարձրանալ միջազգային բարձր մակարդակի և դառնալ համաշխարհային մասշտաբի իրադարձություն՝ տվյալ դեպքում դասական երաժշտության բնագավառում»,- հավելել է Վահագն Գևորգյանը։
Հանդիսավոր երեկոյի իսկական զարդը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթը, որը հանդիսատեսին անմոռանալի տպավորություններ է պարգևել խաչատրյանական և համաշխարհային դասական ստեղծագործությունների կատարմամբ։
Դիանա Առուշանյան, Պեկին











