Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ կիբերհարձակումների դեպքում երկիրը պետք է պատասխան հարվածներ հասցնի կիբերտարածությունում, հայտնում է dpa-ն։

Իր հերթին Գերմանիայի դաշնային ոստիկանության ղեկավարը կոչ է արել արագացնել և բարելավել գերմանական անվտանգության ուժերի գործողությունների համակարգումը։

Չորեքշաբթի ելույթ ունենալով Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության (BKA) կազմակերպած՝ անվտանգության հարցերով համաժողովում՝ Դոբրինդտը նշել է, որ Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում վերջին կիբերհարձակումները նոր մակարդակի են հասել։

Երկուշաբթի Ֆրանսիան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրել է ֆրանսիական սուպերմարկետների սառեցման և սառցակալման համակարգերը կոտրելու մեջ։ Հարձակումները միլիոնավոր եվրոյի վնաս են պատճառել։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն դրանք անվանել է մասշտաբով և ագրեսիվությամբ աննախադեպ։ Իրանը հերքել է մեղադրանքները։

«Ֆրանսիայում նույն սուբյեկտը կարող է պատրաստ լինել ոչ միայն ոչնչացնելու սննդամթերքը, այլև հարձակվելու արյան բանկերի վրա»,- հայտարարել է Դոբրինդտը։

Ըստ նրա՝ սա հիբրիդային հարձակումների՝ նոր մակարդակի անցնելու հերթական դեպքն է, որը համապատասխան արձագանք է պահանջում։ Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մեծացնել նման գործողությունների «հետևանքները, ռիսկերն ու գինը» դրանք իրականացնողների համար։

«Գերմանիան այժմ օրենսդրական պայմաններ է ստեղծում կիբերտարածությունում պատասխան հարվածներ հասցնելու համար»,- հայտարարել է Դոբրինդտը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կիրառել այդ միջոցները։

Նախարարը Ռուսաստանն անվանել է Գերմանիայի համար հիբրիդային սպառնալիքների գլխավոր աղբյուր։ Միաժամանակ նա նշել է, որ վտանգ է բխում նաև Իրանից, Հյուսիսային Կորեայից և այլ պետություններից։

Հիբրիդային հարձակումները ռազմական, տնտեսական, հետախուզական և քարոզչական մեթոդների համակցություն են՝ ուղղված այլ երկրների ապակայունացմանը։