Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում պատերազմն անվանել է «էկոցիդ» և հայտարարել, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի շրջակա միջավայրի համար դրա կործանարար հետևանքները։ Դրա մասին նա ասել է նոյեմբերի 11-ին Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական COP31 գագաթնաժողովում, հաղորդում է Associated Press-ը։
«Այն, ինչ տեղի է ունեցել Գազայում, ոչ միայն ցեղասպանություն է, այլև էկոցիդ»,- հայտարարել է Էրդողանը՝ դիմելով համաշխարհային առաջնորդներին և կլիմայական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Ըստ նրա՝ Գազայում հատվել են դարավոր ձիթենիներ, աղտոտվել են հողն ու ջուրը, իսկ քաղաքները վերածվել են «փլատակների հսկայական կույտերի»։ Էրդողանը նշել է նաև, որ ենթակառուցվածքների ավերումը՝ տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետ մեկտեղ, հանգեցրել է տասնյակ հազարավոր վրանների և ժամանակավոր ապաստարանների ջրածածկմանը։
Իսրայելը, որը COP31-ին մասնակցելու հրավեր չէր ստացել, կտրուկ արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարություններին։
«Բռնապետ Էրդողանը հերթական անգամ օգտագործում է միջազգային հարթակը՝ ստի վրա հիմնված իր հակաիսրայելական արշավն առաջ մղելու համար»,- հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։
Գերատեսչությունը Գազայի հատվածում ավերածությունների պատասխանատվությունը դրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա՝ հայտարարելով, որ շարժումը պատերազմը սկսել է հոկտեմբերի 7-ի հարձակմամբ և իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայել քաղաքացիական թաղամասերում։
Իսրայելի ԱԳՆ-ում ընդգծել են նաև, որ նրանք, ովքեր իսկապես մտահոգված են Գազայի ապագայով, պետք է ՀԱՄԱՍ-ից պահանջեն զինաթափվել, որպեսզի հնարավոր դառնա տարածքի վերականգնումը։
Իսրայելը կտրականապես մերժում է ցեղասպանության մեղադրանքները։





























