ԱՄՆ-ը Ռուսաստանին առաջարկել է Եվրոպայի հետ անվտանգության նոր համաձայնագրի նախագիծ պատրաստել, որը նախատեսում է ոչ միայն ռուսական պահանջների հաշվառում, այլև Մոսկվայի քայլերը մայրցամաքում լարվածության նվազեցման ուղղությամբ, հայտնում է Axios-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին:
Վերջին տարիներին Ռուսաստանը ձգտում էր կնքել մի համաձայնագիր, որը կսահմանափակեր ՆԱՏՕ-ի ընդլայնումը և կկրճատեր դաշինքի ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում: Նախկինում ԱՄՆ-ը մերժում էր այդ պահանջները, սակայն այժմ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ըստ ամենայնի, պատրաստ է քննարկել անվտանգության նոր ճարտարապետությունը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին ավելի լայն համաձայնագրի շրջանակում: Ընդ որում, եվրոպական շատ կառավարություններ խոր անվստահությամբ են վերաբերվում Վաշինգտոնի այս մոտեցմանը:
Հինգշաբթի Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքկոֆը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ամերիկյան առաջարկը կրկին ներկայացնելու համար: Նրանք նաև մտադիր են համոզել Ռուսաստանի ղեկավարին թույլ տալ եվրոպական ներկայացուցիչներին մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլին, հայտնել է ամերիկյան պաշտոնյան:
Մոսկվայում անցկացվելիք հանդիպումից հետո Քուշները և Ուիթքոֆը, ինչպես սպասվում է, կմեկնեն Դուբլին, որտեղ հինգշաբթի երեկոյան պետք է հանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Աբու Դաբիում երեքշաբթի և չորեքշաբթի օրերին անցկացված բանակցությունները դարձել են փետրվարից ի վեր ռուսական և ուկրաինական ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ ամերիկյան միջնորդների մասնակցությամբ: Այն ժամանակ բանակցային գործընթացը կասեցվել էր Իրանում ընթացող պատերազմի պատճառով:
Վերջին շաբաթներին Ուիթքոֆը և Քուշները հանդիպել են թե՛ Պուտինի, թե՛ Զելենսկու հետ, ինչը թույլ է տվել նոր իմպուլս հաղորդել բանակցություններին: Պուտինը համաձայնել է վերսկսել խաղաղ երկխոսությունը և ազատ արձակել ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին, որը ձերբակալվել էր Ռուսաստանում 2022 թվականին: Բացի դրանից, Ուիթքոֆֆը և Քուշները՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի և նրա թիմի հետ համատեղ, հասել են հումանիտար հրադադարի Օլեշկի քաղաքում:
Աբու Դաբիում բանակցություններն անցկացվել են Ուիթքոֆի, Քուշների և ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկևիչի միջնորդությամբ: Դրանց արդյունքներով կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման շուրջ, որը, Քուշների և ուկրաինացի բանակցող Դավիթ Արախամիայի գնահատմամբ, կարող է դառնալ ամենախոշորը պատերազմի սկզբից ի վեր: Ազատ արձակվող գերիների հստակ թիվը պետք է որոշվի հինգշաբթի Պուտինի և Զելենսկու հետ հանդիպումների ժամանակ:
Մինչև բանակցությունները և դրանցից հետո ամերիկյան ու ուկրաինական պատվիրակությունները քննարկումների ընթացքի մասին տեղեկացրել են Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան դիվանագետների խմբին:
Ըստ բանակցություններին ներկա գտնված աղբյուրի՝ երեքշաբթի օրվա հանդիպումներն անցել են լարված և երբեմն ուղեկցվել հուզական վեճերով. ուղղակի երկխոսության բացակայության ինը ամիսների ընթացքում երկու կողմերն էլ փոխադարձ պահանջներ են ներկայացրել: Քուշները և Ուիթքկոֆը փորձել են մեղմել լարվածությունը՝ մասնակիցներին բացատրելով, որ այս փուլի նպատակն է ձևավորել լուծումների տարբերակներ, որոնք Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները կկարողանան քննարկել:
Հետագայում քննարկումն առավել կառուցողական է դարձել:
«Մենք բավականին կոշտ քննարկումներ ենք ունեցել»,- չորեքշաբթի օրը անցկացված մամուլի ասուլիսում ասել է Քուշները:
«Ռուսները եկել էին կոշտ հրահանգներով: Շատ դժվար էր մեղմել դրանք, բայց արդյունքում բանակցություններն արդյունավետ ավարտվեցին»,- հայտարարել է Արախամիան:
Աբու Դաբիում գլխավոր թեմաներից մեկն է դարձել ԱՄՆ առաջարկը՝ միաժամանակ աշխատել պատերազմի դադարեցման համաձայնագրի և Եվրոպայում անվտանգության նոր համակարգի վրա:
Ըստ բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրների՝ ռուսական պատվիրակությունը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը սկսել է Ուկրաինա ներխուժումն այն պատճառով, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը չէր պատասխանել իր 2021 թվականի նամակին, որում ռուսական ղեկավարը շարադրել էր անվտանգության ոլորտում իր մտահոգությունները:
Ինչպես հայտնել է աղբյուրներից մեկը, Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆֆը ռուսական կողմին հիշեցրել են, որ 2021 թվականից ի վեր աշխարհում իրավիճակը զգալիորեն փոխվել է: Ամերիկյան ներկայացուցիչներն առաջարկել են Մոսկվային պատրաստել նոր փաստաթուղթ, որում կշարադրվեին ռուսական մտահոգություններն ու պահանջները, բայց միաժամանակ թվարկվեին «համաչափ քայլերը», որոնց Ռուսաստանը պատրաստ է գնալ լարվածության նվազեցման և Եվրոպային ապագայում հարձակման չենթարկվելու երաշխիքներ տրամադրելու համար:
Ըստ Քուշների՝ Վաշինգտոնը հասկացրել է Մոսկվային. եթե Ռուսաստանը ցանկանում է, որ եվրոպական երկրները լրջորեն վերաբերվեն իր առաջարկներին, նա պետք է ոչ միայն իր պահանջներն ու մտահոգությունները, այլև լարվածության թուլացման կոնկրետ միջոցներ ներկայացնի:
«Մենք ասացինք ռուսներին. նրանք ունեն իրենց ցանկություններն ու մտահոգությունները, բայց նրանք պետք է առաջարկեն նաև լարվածության նվազեցման այլ միջոցներ և այլ տարբերակներ, որպեսզի Եվրոպան կարողանա բարյացակամորեն ընկալել այդ առաջարկները»,- հայտարարել է Քուշները:
Ամերիկյան ներկայացուցիչները միաժամանակ ընդգծել են, որ եվրոպական անվտանգության լուրջ քննարկման համար անհրաժեշտ է թույլ տալ եվրոպական երկրներին մասնակցել Ուկրաինայում խաղաղության մասին ապագա բանակցություններին:
Առայժմ Մոսկվան պատրաստ չէ համաձայնել եվրոպացիների մասնակցությանը բանակցային գործընթացին: Ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ եվրոպական մի շարք երկրների ղեկավարները, իր կարծիքով, զբաղված են «ուկրաինական ժողովրդի հավաքական խաբեությամբ» և նպաստում են խաղաղ բնակիչների զանգվածային մահվանը:
«Հետևաբար, ես չեմ հասկանում, թե ինչ կարելի է նրանց հետ քննարկել»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Մեդինսկին հաստատել է Ռուսաստանի շահագրգռվածությունը Եվրոպայի հետ անվտանգության ավելի լայն համաձայնագրով՝ պատերազմի դադարեցման պայմանավորվածությունների շրջանակում:
«Ուկրաինայում պարզապես թարախապալար է պայթել: Անհրաժեշտ է բուժել ամբողջ օրգանիզմը. այստեղ սպեղանիով հնարավոր չէ սահմանափակվել»,- հայտարարել է նա:
Թրամփի վարչակազմը մտադրիր է Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի քննարկմանը զուգահեռ: Սակայն, ըստ Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրի, եվրոպական անվտանգության մասին պայմանավորվածությունները նախատեսվում է իրականացնել միայն պատերազմի դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումից հետո:
Վաշինգտոնում հաշվարկում են, որ խաղաղ բանակցություններին եվրոպական ներկայացուցիչների մասնակցությունը կբարձրացնի նրանց կառավարությունների պատրաստակամությունը՝ քննարկելու Ռուսաստանի հետ ավելի լայն համաձայնագիր դեռևս մինչև պատերազմի ավարտը:
«Զելենսկին համաձայնության չի գա, մինչև չըմբռնի, թե ինչ կլինի հետո անվտանգության երաշխիքների հետ: Պուտինը նույնպես ցանկանում է իմանալ դա: Հենց դա է պատճառը, որ անվտանգության հարցն այնքան կարևոր է»,- պարզաբանել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն եվրոպական երկրներին հասկացրել է, որ համաձայնագիր չի կնքի Ռուսաստանի հետ առանց Եվրոպայի և Ուկրաինայի համաձայնության: Վաշինգտոնը նաև մտադիր չէ Մոսկվային վետոյի իրավունք տրամադրել անվտանգության հարցերով եվրոպական որոշումների նկատմամբ:
Եվրոպական անվտանգության հարցը կդառնա այս շաբաթ Դուբլինում անցկացվելիք եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը: Եվրոպական դիվանագետների գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի գաղափարը լուրջ դիմադրության է հանդիպում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրոպան անվտանգության նոր ճարտարապետությունը կքննարկի միայն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո:





























