«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի ձայնի իրավունքի կորուստը հարված կլինի իր պատմական հողերում երկրի ապագային»։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կլիմովը՝ NEWS.ru-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ XIX դարից ի վեր հայկական պետության գոյատևումը, զարգացումը, ինչպես նաև քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները «մեծապես ապահովվել են Ռուսաստանի հետ համագործակցությամբ, իսկ հետագայում՝ Խորհրդային Միության կազմում գտնվելով»։

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Երևանը սկսեց հետքայլ անել։ Սակայն նույնիսկ վերջին տարիների իրադարձությունները չհամոզեցին [Նիկոլ] Փաշինյանին և նրա թիմին, որ հայկական պետությանն ու ժողովրդին իրական աջակցություն կարող են ցուցաբերել ոչ թե արևմտյան երկրները, այլ Ռուսաստանն ու մեր ընդհանուր դաշնակիցները», — հայտարարել է Կլիմովը։

Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկվելն էլ ավելի է նվազեցրել «երկարաժամկետ կայունություն ապահովելու» Հայաստանի հնարավորությունները։

Ռուս պատգամավորի խոսքով՝ Երևանը «հայտնվում է նեոգաղութային ծուղակում, որի մեջ Արևմուտքը նրան մղել է՝ մտադրվելով Հայաստանն օգտագործել որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Բացի այդ, Երևանը կորցրել է միավորումում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու հնարավորությունը։