Հայաստանը վտանգում է կորցնել Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ մյուս երկրներին, որոնց կարելի է համարել նրա ամենահուսալի դաշնակիցները։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովը՝ РИА Новости-ի հետ զրույցում։
Չորեքշաբթի ՀԱՊԿ երկրները որոշում են ընդունել Հայաստանի նկատմամբ կիրառել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը, որը նախատեսում է ձայնի իրավունքից զրկում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է վերականգնել իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին՝ անդամավճարների պարտքի մարման հարցը լուծելուց հետո։ Ընդ որում, վերջնական որոշումը պետք է ընդունի հանրապետության ղեկավարությունը։
Ջաբարովի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ձգձգում են հետագա արտաքին քաղաքական ուղեգծի հստակեցումը, քանի որ մինչև տարեվերջ նրանք պետք է կողմնորոշվեն Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվեի հարցում։
«Կարծում եմ՝ Հայաստանի ներկայիս ղեկավարները կրակի հետ են խաղում այն առումով, որ այդպիսով կարող են կորցնել իրենց ամենահավատարիմ ու հուսալի, բնական դաշնակիցներին՝ հանձին Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների»,- հայտարարել է սենատորը։
Մեկնաբանելով Երևանի նկատմամբ կազմակերպության որոշումը՝ Ջաբարովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները գործել են կանոնադրությանը համապատասխան։
«Հայաստանը ցուցադրաբար չի մասնակցում որևէ միջոցառման, անդամավճարներ չի վճարում։ Մշտապես կրկնում են, թե իրենք համարում են, որ ընդհանրապես արդեն դուրս են եկել ՀԱՊԿ-ից, թեև ոչ ոք պաշտոնական դիմում չի ներկայացրել»,- եզրափակել է ռուսաստանցի խորհրդարանականը։





























