ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է Իրանի հետ հակամարտությունում լիակատար հաղթանակի հասնել, այլ ոչ թե սահմանափակվել մասնակի արդյունքով։
Ըստ նրա՝ ամերիկյան կողմն արդեն հաղթանակ է տարել, սակայն ռազմական գործողություններն ավարտելու որոշումը կախված է նրանից, թե ԱՄՆ-ը երբ իր նպատակները կատարված կհամարի։
«Հարցը միայն այն է, թե երբ կցանկանանք դա ավարտել։ Մենք ուզում ենք համոզվել, որ լիակատար հաղթանակ կտանենք, ոչ թե 93 տոկոսանոց հաղթանակ։ Այն լիակատար կլինի»,- ասել է Թրամփը նոյեմբերի 11-ին Արլինգթոնի ազգային գերեզմանատանը Վետերանների օրվան նվիրված արարողության ժամանակ։
«Մենք հակահարված տվեցինք, ընդ որում՝ լուրջ հակահարված, և հաղթեցինք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ հակամարտությունը շուտով կավարտվի։
Միաժամանակ նա չի նշել մարտական գործողությունների ավարտի կոնկրետ ժամկետներ։
Թրամփը պնդել է նաև, որ Իրանին 25 տարի կպահանջվի՝ վերականգնելու ամերիկյան հարվածների հետևանքով ավերվածը։ Ըստ նրա՝ ինքը հույս ունի, որ ԱՄՆ-ն այլևս ստիպված չի լինի հարվածներ հասցնել այդ երկրի տարածքին։
Նա կրկին հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Իրանի դեմ։
«Ամերիկան Իրանի դեմ պատերազմ չի սկսել։ Իրանն է 1979 թվականից պատերազմ վարում Ամերիկայի դեմ»,- ասել է նա՝ նկատի ունենալով Իսլամական հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանը։
Թրամփը հայտնել է, որ հակամարտության ընթացքում զոհվել է 18 ամերիկացի զինծառայող, և հայտարարել, որ դրա ավարտից հետո աշխարհն ավելի անվտանգ ու խաղաղ կդառնա։





























