Սպիտակ տունը պաշտոնապես ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սխալի համար, որը նա թույլ է տվել ԱՄՆ բարձրագույն պարգեւի` Ազատության մեդալի շնորհման ժամանակ:
Հիշեցնենք, Օբաման հետմահու պարգեւատրել է Դիմադրության լեհական շարժման մասնակից Յան Կարսկիին, ով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քաղաքական գործիչներին պատմել էր Հոլոքոստի սարսափների մասին:
«Թշնամու տարածք մտնելուց առաջ դիմադրության մարտիկները նրան պատմել են հրեաների զանգվածային ոչնչացման մասին եւ տարել նրան վարշավյան գետտո եւ լեհական մահվան ճամբար, որպեսզի սեփական աչքով տեսնի: Յանն այդ տեղեկատվությունը փոխանցել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին. դա Հոլոքոստի մասին առաջին պատմություններից էր եւ կոչ էր անում քայլեր ձեռնարկել», - ասել է ԱՄՆ նախագահը Կարսկիի մասին`պարգեւատրման հանդիսավոր արարողության ընթացքում:
Ավելի ուշ նախագահի սխալի համար ներողություն է խնդրել Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Թոմի Վիթորը. «Նախագահը շփոթվել է: Նա խոսում էր Լեհաստանի նացիստական ճամբարների մասին: Մենք ցավում ենք այդ սխալի համար»:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Օբամայի խոսքերը հարուցել են լեհական կողմի վրդովմունքը: Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Twitter-ի միկրոբլոգում ամերիկյան նախագահի խոսքերը որակել է իբրեւ «անտեղյակության եւ անփութության » դրսեւորում:




























