«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 11 օր անց իրավապահները որոշել են քրեական վարույթ սկսել։ Սակայն, ինչպես պարզվում է, այս գործընթացի շուրջ արդեն իսկ բավական ուշագրավ հարցեր են առաջանում։
Մասնավորապես՝ ինչո՞ւ դատախազությունը միջադեպից միայն 11 օր անց որոշեց քրեական վարույթ նախաձեռնել, և արդյոք քննությունը հավասարապես վերաբերելո՞ւ է միջադեպի բոլոր մասնակիցներին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում իշխանական պատգամավորները չեն հայտնվելու, թեև հենց ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ընդդիմադիրների նկատմամբ բռնության դրվագներն են հանրային ամենամեծ դժգոհության պատճառ դարձել։
Իրականում քրեական վարույթի շրջանակում թիրախում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։ Իրավապահ համակարգում քննարկվում է միջադեպի ամբողջ պատմությունը, որ հենց Դավթյանի գործողություններից սկսվեց ծեծկռտուքը։
Մասնավորապես, իրավապահների բացատրությամբ՝ Գառնիկ Դավթյանն է մոտեցել և հարձակվել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա, ինչից հետո էլ իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի։ Այսինքն՝ փորձ կարվի միջադեպի պատասխանատվության հիմնական ծանրությունը տեղափոխել ընդդիմադիր պատգամավորի վրա։
Մինչդեռ կռիվը սկսվեց Տարոն Չախոյանի ելույթից հետո, որը ակնհայտորեն ամեն ինչ անում էր իրավիճակը լարելու համար, ինչը ֆիքսված է ուղիղ եթերում։
Բայց քրեական վարույթը նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների օգնականներին պատժելու նպատակ ունի, քանի որ պաշտոնյայի գործունեությանը խոչընդոտելու հոդված է նաև առաջադրվել։ Այն դեպքում, երբ պատգամավորները միջանցքում են եղել, ընդմիջման ժամին և որևէ պաշտոնական գործառույթ չեն իրականացրել. միայն ծեծկռտուք։ Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց է դատախազության կամ քննչական ծառայության համար ՔՊ պատգամավորի կողմից ընդդիմախոսներին ծեծելը որակվում որպես պաշտոնեական գործունեություն, որին իբրև թե օգնականները խոչընդոտել են»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





























