ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցչի հետ անձնական բանակցություններ վարելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դիտարկում է Իրանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցչի հետ անձնական բանակցություններ վարելու հնարավորությունը՝ փորձելով վերջ դնել պատերազմին, որը, նրա կարծիքով, խոչընդոտ է Հանրապետական կուսակցության համար», - գրում է պարբերականը։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բարձրաստիճան օգնականներին և գործընկերներին ասել է, որ պատրաստ է աջակցել Իրանի հետ Վենսի բանակցությունների վերսկսմանը և նրան լիազորել է բանակցություններ վարել։

Պարբերականի զրուցակիցները նշել են, որ Կատարի մայրաքաղաք Դոհան դիտարկվում է որպես բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հնարավոր վայր, եթե Վենսը և իրանցի պաշտոնյաները համաձայնեն հանդիպել։

Հոկտեմբերին ԱՄՆ փոխնախագահը նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ հանդիպման խնդրանքով։

Հանդիպման ամսաթիվը դեռ նշանակված չէ, սակայն երկրները միջնորդների և դաշնակիցների միջոցով բանակցում են հետագա քայլերի շուրջ։

Անցյալ շաբաթ Վենսը հայտարարել է, որ հենց Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտության պատճառով Հանրապետական կուսակցությանը սովորաբար աջակցող շատ ընտրողներ միջանկյալ ընտրություններում քվեարկել են դեմոկրատների օգտին։

«Մեր պարտության պատճառը պատերազմն էր։ Նախագահն ինքն այդ մասին հայտարարել է անցած գիշեր», - գրել է նա X սոցիալական ցանցում։