Շուրջ 1,5 հազար միգրանտ փորձում է Մեքսիկայից հասնել ԱՄՆ։ Ինչպես նոյեմբերի 11-ին հայտնում է Diario del Sur թերթը, նրանց որոշման վրա ազդել են Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը։
Քարավանի մասնակիցներն ակնկալում են, որ այս արդյունքներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկորցնի իր քաղաքական ազդեցության մի մասը։ Նրանցից շատերն արդեն անցել են ավելի քան 700 կմ։ Միգրանտների թվում կան փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ, իսկ շատերի համար ճանապարհորդության գլխավոր նպատակներից մեկը նախկինում Միացյալ Նահանգներ տեղափոխված հարազատների հետ վերամիավորվելն է։
«Մենք ուրախ ենք, քանի որ ԱՄՆ-ում մեր հարազատները քվեարկել են դեմոկրատների օգտին, և Թրամփն այլևս չի տիրապետի իշխանության ողջ լիակատարությանը, ինչը մեզ հնարավորություն է տալիս ապահովելու մեր ընտանիքների ապագան», — պարբերականին պատմել է միգրանտների քարավանի մասնակիցներից մեկը։
Խմբում ընդգրկված են Հոնդուրասից, Գվատեմալայից, Սալվադորից, Հայիթիից, Վենեսուելայից և Կուբայից եկած մարդիկ։ Որոշ մասնակիցներ լքել են իրենց հայրենի երկրները գործազրկության, խտրականության և տնտեսական խնդիրների պատճառով։ Մոտ 15 օրից քարավանը պետք է հասնի Մեքսիկայի հարավ-արևմուտքում գտնվող Առիագա քաղաք։
Ինչպես նշում է Diario del Sur-ը, խումբը ստացել է Dios con Nosotros («Աստված մեզ հետ է») անվանումը։ Այն դարձել է տարեսկզբից ձևավորված քարավաններից ամենաբազմամարդը։





























