Իրավապաշտպան 18 կազմակերպություններից բաղկացած կոալիցիան նամակ է հղել նոր Կոնգրեսի ղեկավարությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության իրականացմանը ներգրավված վարչակազմի անդամներին, հայտնել է ներգաղթյալների շահերի պաշտպանությամբ զբաղվող America's Voice կազմակերպությունը։

Նամակն ուղարկվել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերին, Ներկայացուցիչների պալատում նրա գործընկեր Հաքիմ Ջեֆրիսին, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների ապագա ղեկավարներ Ռոբերտ Գարսիային, Ջեյմի Ռասկինին, Պրամիլա Ջայապալին և Մարգարեթ Հասանին։

«Նոր Կոնգրեսն այժմ լիազորություններ ունի սանձելու ICE-ին (Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությանը) և գերատեսչությանը պատասխանատվության ենթարկելու բռնի ու ապօրինի մեթոդների համար, և մենք պատրաստ ենք օգնել կոնգրեսականներին հենց առաջին օրվանից օգտվել այդ լիազորություններից»,— ասվում է America's Voice-ի գործադիր տնօրեն Վանեսա Կարդենասի հայտարարության մեջ։

Կազմակերպությունները Կոնգրեսին խնդրում են աշխատանքի հենց առաջին օրվանից ծանուցագիր ուղարկել Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերին՝ երդման ներքո ցուցմունք տալու և զանգվածային արտաքսումների քաղաքականության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, ինչպես նաև հանրային լսումների կանչել Սպիտակ տանը սահմանների պահպանության հարցերը համակարգող Թոմ Հոմանին, ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինին և ICE-ի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Վենտուրելլային։

Բացի այդ, իրավապաշտպանները կոչ են անում սառեցնել Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության նոր ֆինանսավորումը՝ մինչև գերատեսչությանն արդեն հատկացված միջոցների ծախսման մասին ամբողջական հաշվետվություն ստանալը։

Նամակում նշվում է, որ ներկայիս վարչակազմի օրոք առնվազն 62 մարդ է մահացել ICE-ի կալանքի տակ գտնվելու ընթացքում։ Դաշնային գործակալների գործողությունների հետևանքով զոհվել են նաև ԱՄՆ քաղաքացիներ։ Կազմակերպություններն առանձին անդրադառնում են տնտեսական վնասներին. այսպես կոչված «ICE-ի հարկը» դրսևորվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճով։

Սպիտակ տունն ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներին զգուշացրել էր գործող վարչակազմի դեմ հետաքննությունների հնարավոր անօրինականության մասին։

Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց ապօրինի միգրացիայի նկատմամբ վերահսկողության խստացման քաղաքականություն վարել։ Ավելի ուշ ԱՄՆ առաջնորդն ընդունեց, որ արտաքսումների իր քաղաքականությունը գուցե չափազանց կոշտ էր։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինն իր հերթին հայտարարել էր, որ ապօրինի միգրանտների արտաքսումները կշարունակվեն՝ չնայած միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության ձախողմանը։