ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է մշակել Եվրոպայի հետ անվտանգության նոր համաձայնագիր։ Այս մասին Axios-ին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ հարցն Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների առանցքային թեմաներից մեկն էր։ Հանդիպմանը ռուսական պատվիրակությունը պնդել է, թե Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմը սկսվել է այն պատճառով, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն անպատասխան է թողել Վլադիմիր Պուտինի նամակը, որում նա ներկայացրել էր անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները։
Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ռուսական կողմին առաջարկել են նախապատրաստել համաձայնագրի նոր նախագիծ, որը հաշվի կառնի այդ ոլորտում Մոսկվայի մտահոգություններն ու պահանջները։ Փաստաթղթում պետք է նաև հստակեցվի, թե ինչ «համաչափ քայլերի» է պատրաստ Ռուսաստանը՝ եվրոպական երկրների հետ լարվածությունը թուլացնելու համար։ Ուիթքոֆն ու Քուշները հավելել են, որ նման հարցերն ավելի լուրջ քննարկելու համար բանակցություններին պետք է մասնակցեն նաև Եվրոպայի ներկայացուցիչները։
Սպասվում է, որ նոյեմբերի 12-ին Թրամփի բանագնացները Մոսկվայում կհանդիպեն Պուտինին։ Ըստ Axios-ի աղբյուրների՝ նրանք մտադիր են կրկին բարձրացնել Ռուսաստան–Եվրոպա անվտանգության նոր համաձայնագրի հարցը։ Պարբերականի զրուցակիցներից մեկը, սակայն, ընդգծել է, որ դրա իրագործումը հնարավոր կլինի միայն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ «[Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին չի համաձայնի գործարքին, քանի դեռ չգիտի, թե ինչ է լինելու անվտանգության երաշխիքների հետագա ճակատագիրը։ Պուտինը նույնպես ուզում է դա իմանալ։ Ահա թե ինչու է անվտանգության հարցն այդքան կարևոր», — պարզաբանել է աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին որպես գլխավոր խնդիր առանձնացրել էր Եվրոպայում անվտանգության նոր, համապարփակ համակարգի ստեղծումը։ Նրա խոսքով՝ այն «պետք է դառնա նոր, ժամանակակից Յալթա ու Պոտսդամ, տոգորված լինի 1975-ի Հելսինկիի ոգով, համապատասխանի արդի իրողություններին և լինի արդար»։ Ըստ Մեդինսկու՝ անվտանգության նման համակարգ կառուցելու դեպքում կհաջողվի «Եվրոպայում խաղաղություն ապահովել տասնամյակների, իսկ գուցե և դարերի համար»։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի «դիրքորոշումային փաստաթուղթ» այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Եվրասիայի անվտանգության նոր ճարտարապետությունը։ Նա հույս էր հայտնել, որ ԱՄՆ-ն «բավարար վճռականություն կունենա երկխոսությունը շարունակելու համար՝ նպատակ ունենալով հասնել շահերի արդար հավասարակշռության, երբ ոչ մեկի անվտանգությունը չի ոտնահարվի»։ Մինչդեռ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Եվրոպան անվտանգության նոր ճարտարապետության շուրջ քննարկումները կսկսի միայն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։





























