ԱՊՀ վարչապետների հաջորդ նիստը կկայանա այս տարվա սեպտեմբերին` Յալթայում: Այս մասին, այսօր` մայիսի 30-ին, հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը` Աշգաբաթում ընթացող ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստի ժամանակ: Նա նշել է, որ կոնկրետ ամսաթիվը կհամաձայնեցվի:
Լեբեդեւի խոսքով, ԱՊՀ երկրների վարչապետները որոշել են շարունակել բանակցությունները` Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին Ուզբեկստանի միանալու շուրջ:
Հանդես գալով գագաթաժողովում, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի վավերացումն ու մասնակից երկրների թվի ընդլայնումը ԱՊՀ երկրների ինտեգրացման կարեւորագույն պայմաններից մեկն է:
Նրա խոսքով, ԱՊՀ երկրների միջեւ փոխադարձ առեւտուրը վերջին ժամանակներս ավելացել է 36 տոկոսով եւ կազմում է շուրջ 300 մլրդ դոլար:
Մեդվեդեւն ընդգծել է ԱՊՀ երկրների տնտեսությունների մոդեռնիզացման անհրաժեշտությունը: Ռուսաստանը նախատեսում է առաջարկել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին հատուկ դրույթներ ընդունել:
Նա նաեւ ԱՊՀ երկրներին առաջարկել է ներդրումներ անել ապագա ինովացիոն «Սկոլկովո» քաղաքում:
Հիշեցնենք, որ ԱՊՀ վարչապետների գագաթաժողովին մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:



























