ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով Երևանում առկա խցանումների պատճառների և դրանց լուծումների մասին:
Նա, մասնավորապես, նշել է. «Խցանումները մեր կյանքից խլում են ժամանակ, նյարդեր ու ֆինանս, բոլորս բողոքում ենք, բայց Երևան քաղաքի խցանումները մենք ենք ստեղծում, 80-90 տոկոս դեպքերում մենք ենք մեղավոր, որ համատարած չենք պահպանում ճանապարհային երթևեկության պարզագույն կանոններից մեկը՝ 88-րդ կետի պահանջը։ Այն հետևյալի մասին է. Արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել խաչմերուկի տարածքում՝ խոչընդոտելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությանը:
Սա նշանակում է, որ անգամ լուսացույցի կանաչ ազդանշանը դեռ չի նշանակում, որ կարող ենք մուտք գործել խաչմերուկ։ Մենք իրավունք չունենք մտնել խաչմերուկ, եթե գիտենք, որ կանգ ենք առնելու և ստեղծելու ենք խցանում լայնական ուղղությամբ ընթացող մեքենաների համար։
Սիրելի վարորդներ, ընդամենը պետք է պահպանենք խաչմերուկների անցման այս պարզագույն կանոնը։ Ես վստահ եմ՝ կազատվենք 80-90 տոկոս խցանումների դեպքերից, եթե պահպանենք այս պարզագույն կանոնը։
Երևան քաղաքում ունենք ոստիկանության կողմից տեսահսկվող մոտ 140 խաչմերուկ։ Կարծում եմ պետք է խնդրենք ոստիկանությանը այսուհետ վարչական ներգործության միջոցներ ձեռնարկել այս կանոնը խախտողների նկատմամբ։ Իհարկե, համապատասխան իրազեկումից հետո։
Ցավոք սրտի, փորձը ցույց է տվել, որ առանց հարկադրանքի միջոցների հեռանկարի, բոլորը՝ սկսած ինձանից, չենք պահպանում համակեցության բազմաթիվ կանոններ։ Բոլորիս ցանկանում եմ համբերատարություն, անվտանգ և հարմարավետ երթևեկություն»։





























