Նոյեմբերի 12-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգի Սլավյանկա միկրոշրջանում զինվորական տեղափոխող ավտոմեքենա է պայթել, հաղորդում է «Ֆոնտանկան»։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ մեքենայում Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ է եղել, որը պայթյունի հետևանքով զոհվել է։ Ըստ նույն աղբյուրների՝ պայթուցիկ սարքն ամրացված է եղել ավտոմեքենայի հատակին և հեռակառավարմամբ գործարկվել այն պահին, երբ գնդապետը մեքենայով դուրս է եկել բակից։

Ինչպես ճշտում է «78» պարբերականը, ավտոմեքենան պայթել է Կոլպինսկոյե խճուղու վրա՝ «Լենտա» խանութի և «Տատնեֆտ» լցակայանի մոտ։ Մեքենայում գտնվող զինվորականը ծառայում էր ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 6-րդ բանակում։ Դեպքից հետո խճուղու երթևեկությունը փակվել է։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Քննչական կոմիտեն սպանության փաստով քրեական գործ է հարուցել։ Քննիչներն ու քրեագետները զննում են դեպքի վայրը և փորձաքննություններ նշանակում։

Սա վերջին երեք ամսվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում զինվորականի ավտոմեքենայի պայթեցման արդեն երկրորդ դեպքն է։ Օգոստոսի 27-ին Սլավյանկա միկրոշրջանում պայթել էր ավտոմեքենա, որում կնոջ հետ գտնվում էր ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի զինվորականը։ Նա զոհվել էր տեղում, իսկ կինը ծանր վիճակում տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։

Ենթադրաբար՝ օգոստոսի 27-ի պայթյունի զոհը մայոր Սերգեյ Սեչկովն էր։ Նա ծառայում էր 332-րդ առանձին գվարդիական Կարմրադրոշ ուղղաթիռային գնդում, որին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը մեղադրում էր Սումիի և Խարկովի մարզերում խաղաղ բնակչության ուղղությամբ հրթիռային և ռմբային հարվածներ հասցնելու մեջ։ Սլավյանկա միկրոշրջանում նախկինում ակտիվորեն բնակարաններ էին կառուցվում զինվորականների համար։ 2012 թվականի դրությամբ այդ շրջանում կառուցվող բնակարանների գրեթե մեկ երրորդը պատկանում էր պաշտպանության նախարարությանը։

Օգոստոսին պայթյունների թիրախ էին դարձել ևս երկու ռուս զինվորականներ։ Օգոստոսի 13-ին Սևաստոպոլի փողոցներից մեկում պայթյունի հետևանքով զոհվել էր ՌԴ ռազմածովային նավատորմի 1-ին աստիճանի կապիտան Ռոբերտ Շագեևը, որը մինչև Ղրիմի բռնակցումը ծառայել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերում և հրամանատարել ուկրաինական միակ՝ «Զապորոժիե» սուզանավը։

Օգոստոսի 1-ին պայթյուն էր որոտացել Մոսկվայի Balzi Rossi ռեստորանում։ Զոհվել էր հինգ մարդ, առնվազն 19-ը՝ վիրավորվել։ Մահափորձի թիրախը կարող էր լինել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալեքսանդր Չայկոն, որին ուկրաինական իշխանությունները մեղադրում են Բուչայի հանցագործություններին առնչություն ունենալու մեջ։ Պայթյունից հետո նրա վիճակի մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել։