Ռոմանովների տան հավաքածուի հազվագյուտ շափյուղայով ապարանջանը Ժնևում կայացած Sotheby's աճուրդում վաճառվել է 4,9 մլն դոլարով։ Այս մասին նոյեմբերի 11-ին հաղորդվել է աճուրդի տան կայքում։
Զարդը ներկայացվել է «Արքայական ընտանիքների անդամների և ազնվականների գոհարեղենը» աճուրդում։ Ապարանջանի կենտրոնում 197,8 կարատ քաշով շափյուղա է։ Քարը զարդարում է Cartier ոսկերչական տան դիզայնով ստեղծված՝ ադամանդներով և լեռնային բյուրեղապակով լայն, երկրաչափական ձևի ապարանջանը։ Արտ-դեկո ոճի ձևավորումը կոչված է ընդգծելու շափյուղայի պատմական նշանակությունն ու ապրանքանիշի գեղարվեստական ժառանգությունը։
Վաճառքի վերջնական գինն ավելի քան երկու անգամ գերազանցել է նախնական գնահատման վերին շեմը։ Մինչև աճուրդի մեկնարկը ապարանջանի արժեքը գնահատվում էր 1–2 մլն դոլար։





























