Մենք որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել։ Անտրամաբանական կլիներ, և մենք չէինք էլ կարող արգելել, որ երրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը քվեարկի մեր թեկնածուի օգտին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը։
Հայտարարությունում ասվում է. «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում է Դավիթ Հարությունյանին և «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամներին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին, «Հանրապետություն» կուսակցության բոլոր անդամներին ու համակիրներին, ովքեր, անկախ իրենց բնակության վայրից, ջանք ու եռանդ են ներդրել Եղեգնաձոր համայնքում մեր հաղթանակն ապահովելու համար։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ մենք որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել։ Անտրամաբանական կլիներ, և մենք չէինք էլ կարող արգելել, որ երրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչը քվեարկի մեր թեկնածուի օգտին։ Թե ինչո՞վ է պայմանավորված եղել նրա այդ քվեարկությունը, նա արդեն իսկ մեկնաբանել է։ Մենք լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չենք տեսնում։
Շնորհավորում ենք Եղեգնաձոր համայնքի բնակիչներին և նորընտիր ավագանու անդամներին՝ մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք՝ ի շահ համայնքի և մեր պետության զարգացման ու բարեկեցության»։
Հիշեցնենք, որ Եղեգնաձորում հոկտեմբերի 25–ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Եղեգնաձորի նոր ավագանիում 27 մանդատից 13–ը բաժին է հասել ՔՊ–ին, 13–ը՝ «Հանրապետություն» կուսակցությանը և 1 մանդատ ստացել է «Նոր դարաշրջանը», որը «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս է կազմում։
Սա նշանակում է, որ Եղեգնաձորում համայնքի ղեկավար դառնալու համար թե ՔՊ–ին, թե «Հանրապետությանը» պակասում էր մեկ մանդատ, և «Նոր Դարաշրջանից» ավագանու Մարտին Հարությունյանը որոշել է քվեարկել է «Հանրապետության» թեկնածու Դավիթ Հարությունյանի օգտին։
Ինքը՝ Մարտին Հարությունյանը իր քայլը բացատրել է նրանով, որ Դավիթ Հարությունյանը հոգով ընդդիմադիր է և ձևական է առաջադրվել իր խոսքով «իշխանամետ» «Հանրապետության» կողմից։





























