Ինդոնեզիայի փոխնախագահ Գիբրան Ռակաբումինգ Ռական հրաժարականի դիմում է ներկայացրել իր դիպլոմի իսկության շուրջ ծագած սկանդալից հետո։ Այս մասին գրում է Jakarta Globe պարբերականը։
Նշվում է, որ հրաժարականի դիմումը նա հանձնել է Ինդոնեզիայի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական խորհրդատվական կոնգրեսի ղեկավար Ահմադ Մուզանիին։
«Նա խնդրել է անհապաղ քննարկել իր դիմումը, և արդեն այսօր կոնգրեսի ղեկավարությունը նիստ կգումարի նրա հրաժարականի հարցով»,- Մուզանիի խոսքն է մեջբերում պարբերականը։
39-ամյա Գիբրան Ռակաբումինգ Ռական դեռ 2023 թվականից էր հայտնվել իր միջնակարգ կրթության վկայականի իսկության շուրջ բռնկված սկանդալի կիզակետում։ Այն ժամանակ սոցցանցերում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե նա իրականում չի ավարտել միջնակարգ դպրոցը, ուստի օրինական ատեստատի բացակայությունն ապօրինի է դարձնում 2024 թվականի ընտրություններին նրա՝ որպես փոխնախագահի թեկնածուի մասնակցությունը։ Ավելի ուշ արդարադատության նախկին փոխնախարարի գլխավորած ակտիվիստների խումբը միջնորդագրով դիմել էր երկրի Գերագույն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նրա մասնակցությունն ընտրություններին և պաշտոնանկ անել նրան։





























