Հայաստանը միացել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 12-ի նիստում։

Որպես բանկի հիմնադիրներից մեկը՝ Հայաստանը լրացուցիչ բաժանորդագրվում է 7136 բաժնետոմսի (8 մլն 206 հազար 400 եվրո), ինչը կազմում է ընդհանուր բաժնետոմսերի 1,01 տոկոսը։ Արդյունքում Հայաստանի մասնաբաժինը կհասնի 27 136 բաժնետոմսի, իսկ բաժանորդագրված կապիտալը՝ 31 մլն 206 հազար 400 եվրոյի։

Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է թողարկվի գումարի 30 տոկոսի (2 մլն 461 հազար 920 եվրո) չափով անտոկոս մուրհակ, որը 2027-2034 թվականների ընթացքում ենթակա է կանխիկացման՝ ութ հավասար մասնաբաժնով։ Այսպիսով՝ Հայաստանը տարեկան կվճարի 307 740 եվրո։ Պահանջվող գումարը մուրհակ թողարկելու փոխարեն կարելի է վճարել նաև կանխիկ ձևով։

Գումարի մնացած 70 տոկոսը ենթակա է վճարման՝ ըստ պահանջի։

Լրացուցիչ մասնաբաժնի վճարումն ապահովելու համար անդամ պետությունները պետք է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ավարտեն անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Այդ պարտավորությունը կարելի է կատարել կա՛մ մուրհակների թողարկմամբ, կա՛մ կանխիկ վճարմամբ։