Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված ընկերությունների համար նախատեսվում է ձևավորել ընդհանուր և մշտապես գործող օրենսդրական մեխանիզմ։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։
«Այն կկիրառվի այն ընկերությունների նկատմամբ, որոնցում պետության մասնաբաժինը կազմում է 25 տոկոս և ավելի»,– հավելել է փոխնախարարը։
Կառավարությունն արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը կապել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի շուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի հետ։
Ըստ հիմնավորման՝ վավերացումից հետո կսկսվեն նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծման աշխատանքները։ Դրանք շրջանակային համաձայնագրին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք օրենսդրական փոփոխություններ։




























