Եվրոպացի որոշ դիվանագետներ ու պաշտոնյաներ ակնկալում են, որ Եվրոպական քաղաքական համայնքը (դրա հերթական նիստը մեկնարկում է նոյեմբերի 12-ին Դուբլինում) կլուծարվի 2027 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնից հեռանալուց հետո։ Ինչպես գրում է Politico պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները, բազմաթիվ առաջնորդներ հոգնել են Մակրոնի նախաձեռնած ֆորումից և այն համարում են պարզապես դատարկախոսության հարթակ։

Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի, Ելիսեյան պալատում և ԵՄ կառույցներում մերժում են այդ քննադատությունը՝ ընդգծելով, որ համայնքի գագաթնաժողովների ժամանակացույցն արդեն նախանշված է մինչև 2028 թվականի տարեվերջ։ Ակնկալվում է, որ հանդիպումները կկայանան Շվեյցարիայում, Հունաստանում, Ադրբեջանում և Լատվիայում։

ԵՄ ներկայացուցիչներից մեկի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ի նիստի բացմանը ելույթ կունենան Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինն ու Վլադիմիր Զելենսկին։ Politico-ն նշում է, որ համատեղ լիագումար նիստում հիմնական ուշադրությունը կկենտրոնանա Ուկրաինայի և եվրոպական անվտանգության վրա։ Համայնքի ընդլայնման հարցը չի քննարկվելու։