Հերթական մահն ենք արձանագրել՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձի՝ կալանավայրում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների թեմայով հրատապ ասուլիսում ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով կազմակերպությունը ստեղծվել է հուլիսին, իսկ սեպտեմբերին ներկայացրել է հուլիս-օգոստոս ամիսների զեկույցը.
«Համատարած քաղաքական պատճառներով բռնաճնշումներ են Հայաստանում. այդ հետապնդումները անգամ մեղադրանքներում են դրվում։ Մասնավորապես, Անդրանիկ Թևանյանի մեղադրանքում գրված է, որ նա զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ։ Նա իշխանափոխության կոչեր է արել, որը պարզվում է՝ հանցագործություն է և նպաստել է Գյումրիում իշխանափոխություն անելուն։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվելն արդեն իսկ մեղադրանքի մեջ գրվում է։
Այսպես մենք կարող ենք հասնել նրան, որ ինչպես Խորհրդային Միությունում, նացիստական Գերմանիայում և մի շարք այլ երկրներում ընդդիմադիր գործունեությունը համարվում է հանցագործություն։ Ժամանակին այդ երկրներում մեղադրանքի մեջ էր մտնում տիրող կարգերի դեմ գործունեությունը, մեղադրվում էիր «ժողովրդի թշնամի» լինելու մեջ։ Այսօր գործող իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ օգտագործում են «պետության թշնամի» եզրույթը։
Մեր հասարակությունը չի կարող սրա նկատմամբ անտարբեր մնալ, որովհետեւ եթե որոշ մարդիկ կարծում են, որ այս ամենը սահմանափակվելու է քաղաքական գործունեություն իրականացնող անձանցով, ապա խորապես սխալվում են։
Պատմության փորձը ցույց է տալիս, որ երբ ռեպրեսիոն մեքենան սկսում է գործել, ապա դա նոր զոհեր է պահանջում։ Սկսում են քաղաքական գործիչներից, հետո մեքենան նոր արյքուն է պահանջում, այդ մեքենան սկսում է ինքնուրույն աշխատել և նույնիսկ հասնում է մարդկանց, որոնք ընդհանրապես առնչություն չունեն քաղաքականության հետ»,–ասաց Դանիելյանը։





























