Երկու օր առաջ մենք ունեցանք կալանավայրում հերթական մահը՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձի, որը դառնում է անթույլատրելի պրակտիկա Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների թեմայով հրատապ ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։
Նրա խոսքով, Արսեն Գևորգյանի մահը հերթական ահազանգն է, որ Հայաստանում իշխանությունները այլևս չեն կարող խուսափել պատասխանատվությունից. «Ուզում եմ հիշեցնել ոչ վաղ անցյալում նաև դատական նիստերի դահլիճում այս իշխանության կոշտ քննադատ, ռեժիսոր, պրոդյուսեր, Արմեն Գրիգորյանի մահվան մասին, նաև քաղաքական հայացքներ ունեցող, որոշակի քաղաքական կուսակցության նախագահ Մհեր Եղիազարյանի մահվան մասին, որը փաստացի հացադուլից հետո առողջական խնդիրներ ունենալով մահացավ անազատության մեջ։ Թեեև փաստաբանները, նաև տարբեր հասարակական գործիչներ ահազանգում էին, այդուհանդերձ նա մնաց անտեսված ՀՀ–ում գործող իրավական համակարգի կողմից և մահացավ։
Այս բոլոր դեպքերը շատ մտահոգիչ են, հատկապես այն առումով, որ քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, մասնավորապես Սրբուհի Գալյանը և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու վարքագիծ են դրսևորում։ Սրբուհի Գալյանի լրագրողների կողմից բարձրացվող մտահոգիչ հարցադրումներին երբեմն տրվում են ցինիկ ձևակերպումներ։ Մարդիկ մտահոգություններ են հայտնում բանտային պայմանների, կալանավայրի անմարդկային պայմանների մասին, մարդկանց առողջական իրավիճակի վատթարացման մասին, և որ կալանքի պայմանները համատեղելի չեն նրանց առողջության հետ, բայց փաստացի այս բոլոր մտահոգությունները բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր իրավասու են որոշումների կայացման հարցում որոշակի դերակատարություն ունենալ, մնում են անպատասխան»,–ասաց նա։
Աննա Կոստանյանը հայտարարեց, որ կալանքը կոնկրետ քաղաքական դերակատարում ունեցող անձանց պարագայում օգտագործվում է որպես պատժիչ միջոց, որը անթույլատրելի է. «Եվրոպական մարդու իրավունքների դատարանի նախադեպերը մեզ հուշում են, որ պետությունը պոզիտիվ պարտականություն ունի կալանքի տակ գտնվող քաղաքացիների հանդեպ, և երբ պետության վերահսկողության ներքո գտնվող կալանավայրում ազատազրկված անձինք մահանում են, մանկապատանեկան պատճառաբանություններ բերել, թե այդպիսի մահեր աշխարհում տարբեր տեղերում գրանցվում են, անթույլատրելի է։
Չի կարելի մարդկանց մասին խոսել քանակներով և մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրություն»,–ասաց Աննա Կոստանյանը։
Նա նկատեց, որ այստեղ շատ կարևոր դերակատարություն ունի քաղաքացիական հասարակությունը. «Հասարակությունը, անկախ փորձագետները, անկախ քաղաքական գործիչները, որոնք անտարբեր չեն նման իրողություններին մեր պետությունում, պետք է իրականացնեն անկախ հետաքննություն, պահանջեն համապատասխան մարմիններից փորձաքննության տվյալները, արդյունքները և պահման տակ պահեն այդ արդյունքները, որպեսզի դրանք հանկարծ պատահական ձևով չանհետանան համապատասխան վայրերից։
Խոսքը տեսանկարահանող սարքերի, դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին է. «Հայաստանի Հանրապետությունը վերածվել է մի մեծ կալանավայրի՝ քաղաքական, ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող անձանց համար։ Սա անթույլատրելի է և առաջադեմ աշխարհի համար պետք է լինի ահազանգ, որպեսզի օր առաջ կանխարգելիչ միջոցառումներ ձեռք առնվեն համապատասխան պաշտոնատար անձանց ուղերձներ հղելու, պետք է օր առաջ վերջ տալ այս վատ պրակտիկային»,–ասաց նա։





























