Չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Միաժամանակ հստակ արձանագրենք, որ Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի վերածելու որևէ տարբերակ չի քննարկվում և չի թույլատրվելու։ Այդ հատվածում ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող 203 համարի երթուղայինի վերջին կանգառը այսուհետ «Կիլիկիա» ավտոկայանն է։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանն ասել էր, որ ի սկզբանե այս երթուղին սպասարկող փոխադրամիջոցն իրավունք չի ունեցել հասնել մինչև Մատենադարան, քանի որ պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել, որ Էջմիածին-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների վերջնակետը պետք է լինի ավտոկայանը։

Սակայն նոյեմբերի 10-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը հայտնել էր, որ նորից կթույլատրվի Էջմիածին–Երևան 203 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները կայանեն Մատենադարանի մոտ։