Հայաստանում բեսպրեդելը գագաթնակետին է հասնում. երեկ երեկոյան ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Factum.am լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանը իր էջում և կայքում տեղադրել է լուր այն մասին, որ 25–օրյա վարժանքների ժամանակ զորակոչված անձանց տրվել է, մեղմ ասած, ոչ լավ սնունդ։ Այդ թվում Արամը դիմել է ՊՆ մամլո քարտուղարին և խնդրել է պարզաբանումներ։ Երեկ երեկոյան, մոտավորապես ժամը 9-ի կողմերը ռազմական ոստիկանության Շիրակի մարզային կայազորային բաժնի աշխատակիցները գնում են Արամենց տուն, Արամին իր կամքին հակառակ, ճնշելով նստեցնում են մեքենան, տանում են ռազմական ոստիկանություն պետի մոտ։ Եվ այնտեղ պետը պահանջում է, որպեսզի Արամը անհապաղ հերքում տա այդ ամեն ինչի մասով։
Արամը սկզբում փորձում է դիմադրել, թույլ չտալ և ասել, որ ինքը դա կանի միայն այն դեպքում, եթե ՊՆ մամլո խոսնակը տա հստակ պարզաբանումը։ Տեսնելով, որ այդ պահին չեն կարողանում Արամին ինչ-որ կերպ ճնշել, թողնում են, բայց շատ կարճ ժամանակ հետո նորից գնում են արամենց տուն, նույնիսկ տեսնելով, որ նրա մայրը վատառողջ է, շտապօգնություն է եկել, տեղափոխում են հիվանդանոց, նույնիսկ այդ պահին Արամին թույլ չեն տվել, որ գոնե մոր հետ գնա հիվանդանոց։
Արամին արդեն երկրորդ անգամ են տեղափոխել ռազմական ոստիկանություն և ճնշումների միջոցով հասել են նրան, որ Արամը հենց պետի կաբինետից կայքում հերքում դնի։
Փաստորեն, վերադարձել ենք 90-ական թվականներ, միայն այդ ժամանակ էր, որ մարդուն կարող են առևանգել, տանել և պարտադրել ինչ-որ գործողություններ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է լրագրողի, ով ազատ է իր խոսքի մեջ և ով իրավունք ունի իր ունեցած տեղեկությունների մասով լուր տալ»,–ասել է Պողոսյանը։
Նա նկատեց, որ եթե անգամ լրագրողը ապատեղեկատվություն էր տվել, ՊՆ–ն ամբողջովին ուներ օրենքով իրեն վերապահված լիազորությունները և այդ լիազորությունների շրջանակներում կարող էր և՛ հերքում տալ, և՛ նույնիսկ պատասխանատվության ենթարկել. «Ռազմական ոստիկանությունը առհասարակ իրավունք չուներ բերման ենթարկելու քաղաքացիական անձի, սա իր լիազորություններից դուրս է, սա պարզապես բեսպրեդել է»։





























