ԱՄՆ իշխանությունները կարող են բախվել զանգվածային բողոքի ցույցերի՝ կենսապահովման ծախսերի աճի պատճառով։ Նման կարծիք է հայտնել ֆինանսական փորձագետ Թեդ Ջենքինը՝ Fox News-ի համար գրված իր սյունակում։
«Մարդիկ աշխատում են, աշխատավարձ ստանում և հարց տալիս՝ ինչո՞ւ է գումարն այդուհանդերձ պակասում նորմալ ապրելու համար։ Եվ Ամերիկան պետք է սրան ամենայն լրջությամբ ուշադրություն դարձնի»,– գրել է փորձագետը։
Ջենքինի կարծիքով՝ քաղաքացիների ֆինանսական դժգոհությունը կարող է հանգեցնել այնպիսի բողոքի ակցիաների, ինչպիսիք անցկացվում են Ֆրանսիայում և Իտալիայում։ Այդ երկրներում մարդիկ փողոց են դուրս գալիս ցածր աշխատավարձերի, բնակարանների բարձր գների և առօրյա ծախսերի աճի պատճառով։
Հոդվածում նշվում է, որ գնաճի նվազումը չի նշանակում գների վերադարձ նախկին մակարդակին։ Նույնիսկ գների աճի տեմպերի դանդաղման պայմաններում ամերիկյան ընտանիքների՝ սննդամթերքի, կոմունալ ծառայությունների, բնակարանի վարձակալության, ապահովագրության և հարկերի ծախսերը շարունակում են ավելանալ։ Արդյունքում մարդիկ կարող են ավելի շատ վաստակել, բայց միաժամանակ իրենց ավելի աղքատ զգալ։
Փորձագետի գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ է երիտասարդ ընտանիքների վիճակը, որոնց համար դժվար է բնակարան գնելու համար գումար կուտակել։ Նույնքան մտահոգիչ է ծնողների, թոշակառուների և առօրյա ծախսերը հոգալու դժվարություններ ունեցող քաղաքացիների դրությունը։ Շատերի համար վարկային քարտերը դառնում են չնախատեսված ծախսերը ծածկելու միջոց։
Ջենքինը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ պետական պարտքի վրա, որը, ըստ նրա ներկայացրած տվյալների, գերազանցել է 40 տրիլիոն դոլարը։ Նրա գնահատմամբ՝ պարտքի սպասարկման աճող ծախսերը կարող են սահմանափակել ապագա տնտեսական ցնցումներին արձագանքելու իշխանությունների հնարավորությունները՝ առանց հարկերի բարձրացման, ծախսերի կրճատման կամ նոր փոխառությունների ներգրավման։
Հոդվածում ընդգծվում է, որ տնտեսական ցուցանիշներն ինքնին չեն արտացոլում ընտանիքների իրական ֆինանսական վիճակը։ Ջենքինը ֆինանսական բարեկեցության գլխավոր չափանիշ է համարում այն գումարը, որը քաղաքացիների ձեռքին մնում է բնակարանի, սննդի, տրանսպորտի, բժշկական ծառայությունների և կոմունալ վճարների ծախսերը հոգալուց հետո։





























