Մարդը հոդված է գրել, պաշտոնյա, որը երկար տարիներ զբաղվում է նաև այդ հարցերով, մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ կարծիքներ տարբեր հարցերի մասին, որոնք միշտ քննարկվում են, ես էլ ունեմ իմ գործընկերներից տարբերվող կարծիքներ շատ հարցերում, որոնք հայտնում են ըստ պատշաճի և հետո վերջում որոշում է կայացվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, կառավարության ննիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ նշել է, որ ԵՄ անդամակցությունը պատրանք է, և այս ամենը վատ հանգրվանի է հասցնելու՝ ընդհուպ ավելացնելով Ռուսաստանի նկատմամբ կախվածությունը, արդյոք տարակուսելի չէ նման դիրքորոշումը։

«Այդտեղ որևէ տարօրինակ բան չկա, հնարավոր է՝ ունեցել է տարբերվող կարծիք, հնարավոր է՝ ես էլ ունեցած լինեմ տարբերվող կարծիք, բայց կա կոլեկտիվ պատասխանատվություն։ Ինքը վերլուծական հոդված է հրապարակել, որը բոլորի համար հասանելի է, մարդիկ կկարդան, հետևություններ կանեն, կամ չեն անի, արդեն ժամանակը ցույց կտա։

Ես կարդացել եմ երևի ամբողջությամբ, միգուցե մի քիչ արագ, մի հատ էլ կկարդամ, արժի կարդալ և մտածել»,–ասաց նա։

Հարցին՝ կիսո՞ւմ է հոդվածում արտահայտված մտքերը, Թորոսյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում՝ կիսում եք։ Կարող է մի պարբերությունը կիսում եմ, մյուս պարբերությունը չեմ կիսում։ Չկան բացարձակ ճշմարտություններ, նյութ է, կարելի է կարդալ, մտածել դրա մասին։ Միշտ պետք է կարդալ, հասկանալ, միշտ նոր ինֆորմացիա ստանալ և ճանաչել իրավիճակը։ Պարոն Գրիգորյանի հոդվածը կարող է օգտակար լինի նաև մեզ համար, կարող է օգտակար չլինի, ժամանակը ցույց կտա»։

Հարցին՝ արդյոք այդ հոդվածով Արմեն Գրիգորյանը չի փորձում ստեղծել այն «պետականակենտրոն ընդդիմությունը», որի մասին խոսել էր վարչապետը, Արսեն Թորոսյանը ժպտալով պատասխանեց. «Ես Արմենին վաղուց չեմ տեսել, երևի մի երեք ամիս կլինի, պաշտոնանկությունից առաջ։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է, ցանկացած մարդ կարող է զբաղվել օրենքով սահմանված ցանկված բանով»։

ԵՄ անդամակցության պատրանքը. Արմեն Գրիգորյանի հոդվածը