Առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անհնար է պատկերացնել Հայաստանի հանրապետությունն ու Արցախը: Այս մասին, այսօր` մայիսի 30-ին, Երեւանում «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Նրա խոսքով, անհնար է նույնիսկ թվարկել վերջին 20 տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած բոլոր ծրագրերը:
«Սա հոբելյան է, որը մեզ ուրախություն ու հպարտություն է ներշնչում եւ մյուս կողմից առիթ է ոգեւորության եւ նոր եռանդով լցվելու»,ասաց Սերժ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ ստորագրել է որոշում խորհրդի անդամներին, տեղական մարմինների ատենապետերին եւ վարչության որոշ աշխատակիցների հիմնադրամի քսանամյակի հուշամեդալով պարգեւատրելու մասին:
Նշենք, որ այսօրվա նիստում «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերընտրվել է Արա Վարդանյանը, ում թեկնածությունն առաջադրել էր Սերժ Սարգսյանը:
«Իմ կարծիքով ու նաեւ շատ այլ մարդկանց կարծիքով Արա Վարդանյանը բարեխղճորեն է կատարել իր պարտականությունները այս ժամանակահատվածում: Նա ձեռք է բերել որոշակի փորձ եւ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ փորձն օգտագործվի: Շատ հաճելի կլինի, որ երեք տարի հետո եւս Ձեր մասին հոգաբարձուների եւ տեղական կառույցների կարծիքները նույնքան դրական լինեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նիստին ներկա էր խորհրդի 36 անդամներից 35-ը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























