Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության ընդլայնումը, Ուկրաինայում ադրբեջանական բիզնեսի գործունեությունը և ձմռանն ընդառաջ ուկրաինական կրիտիկական ենթակառուցվածքներին ու լոգիստիկային հնարավոր աջակցությունը։

Հանդիպումը կայացել է Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram-ալիքում։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, իսկ համագործակցության առաջնահերթ ուղղություններից մեկը Drone Deal-ն է՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում համաձայնագիրը։ Զելենսկին նշել է, որ պայմանագրերն արդեն կնքված են, և կողմերն աշխատում են պատվերների ծավալն ընդլայնելու ուղղությամբ։

Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում ադրբեջանական բիզնեսի գործունեությունը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել այն ընկերություններին, որոնք նույնիսկ ռուսական հարվածների պայմաններում շարունակում են աշխատել երկրում։

Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում տիրող իրավիճակին, ինչպես նաև ռուսական շարունակական հարձակումների հետևանքով էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներում առաջացած խնդիրներին։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին արդեն ցուցաբերած օգնության համար և հույս հայտնել, որ Բաքուն կկարողանա ձմռանն ընդառաջ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել ուկրաինական կրիտիկական ենթակառուցվածքներին և լոգիստիկային։

«Թիմերին հանձնարարել ենք աշխատել այս հարցի շուրջ», — հայտնել է Ուկրաինայի նախագահը։