Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ նոյեմբերի 12–ի նիստում մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։

Նախաձեռնությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա հայտնել է, որ նույն թեմայով խմբակցությունը նոյեմբերի 16-ին, ժամը 11։00-ին հրավիրել է խորհրդարանական լսումներ։

Գալստյանի խոսքով՝ նախաձեռնության հիմքում «Հայաստանում ժողովրդավարության վիճակի, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ խմբակցության մտահոգություններն են»։ Նա անդրադարձել է դատական համակարգի անկախությանը, կալանքի կիրառմանը, արդար դատաքննության, խոսքի և հավաքների ազատության խնդիրներին՝ ներկայացնելով խմբակցության գնահատականները։

«Ցանկացած պետություն, ցանկացած իշխանություն պիտի շահագրգռված լինի այս խնդիրների շուրջ անկեղծ քննարկում կազմակերպելու, առերեսվելու և նաև լուծումներ տալու։ Ես այստեղ չեմ խորշում ասելու, որ լուծումները մենք կարող ենք միասին նաև քննարկել»,- նշել է նա։

Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն ընդգծխել է, որ որ իշխանությունը շահագրգռված է իրական խնդիրների քննարկմամբ, սակայն չի կիսում ներկայացված բոլոր գնահատականները. «Բնականաբար, մենք շահագրգռված ենք քննարկելու, բայց իրական խնդիրները, այլ ոչ թե մտացածին, ինչը չի նշանակում, որ Ձեր կողմից արձանագրված բոլոր խնդիրները մտացածին են, բայց, իմ կարծիքով, դրանց մի մասը առնվազն մտացածին է»,- ասել է Ջուլհակյանը։

Քննարկման ավարտին հայտարարության նախագիծը դրվել է քվեարկության և մերժվել։