Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումն ու տարածաշրջանային կայունության ամրապնդումը, հայտնում է Mehr-ը։
Պետությունների ղեկավարները դիտարկել են քաղաքական, տնտեսական և առևտրային կապերի զարգացման ուղիները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային առանցքային հարցերի շուրջ։
Փեզեշքիանն ու Էրդողանն ընդգծել են Իրանի և Թուրքիայի պատմական, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունները՝ նշելով երկու հարևան երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդման կարևորությունը։ Նրանք հայտարարել են քաղաքական, տնտեսական, առևտրային և տարածաշրջանային ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու համար առկա ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտության մասին։
Առաջնահերթ ուղղությունների թվում կողմերն առանձնացրել են ապրանքաշրջանառության ավելացումը, տնտեսական համագործակցության դյուրացումը, մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդումն ու համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորությունների օգտագործումը։ Նախագահները վերահաստատել են փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և ընդհանուր շահերի հիման վրա հարաբերությունները զարգացնելու մտադրությունը։
Բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և խաղաղության, կայունության ու երկարաժամկետ անվտանգության պահպանման համար երկրների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։ Կողմերն ընդգծել են երկխոսության, կառուցողական փոխգործակցության և լարվածության սրացումն ու անկայունության տարածումը կանխելուն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
Նախագահները նաև նշել են տարածաշրջանի պետությունների ընդհանուր պատասխանատվությունը անվտանգության, կայունության և կայուն զարգացման ապահովման հարցում՝ մատնանշելով ընդհանուր խնդիրների լուծման համաձայնեցված մոտեցումների անհրաժեշտությունը։





























