Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման բանավեճի է բռնվել լրագրողուհու հետ, որը նրան հարցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի և Affinity Partners ներդրումային ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշների հետ կապերի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, հայտնում է «Европейская правда»-ն։
Զրույցի ընթացքում լրագրողուհին Ռամային անվանել է Քուշների ընկեր։ Վարչապետը մի քանի անգամ հարցրել է, թե որտեղից է նա դա իմանում, ապա նկատել, որ նա «չափազանց շատ է թերթ կարդում»։
Երբ լրագրողուհին հայտարարել է, որ Ալբանիայի կառավարության ղեկավարը Քուշների հետ բիզնեսով է զբաղվում, Ռաման պահանջել է բացատրել, թե կոնկրետ ինչ նկատի ունի։
«Ես նրա հետ բիզնեսո՞վ եմ զբաղվում։ Ի՞նչ է դա նշանակում։ Նա հետաքրքրություն է ցուցաբերել, և սա շատ, շատ գրավիչ նախագիծ է, որի վրա մենք փորձում ենք աշխատել և համաձայնեցնել բոլոր մանրամասները։ Բայց գործընթացը դեռ շարունակվում է։ Այն ամենը, ինչ պատմել են այս մասին, և ինչն ի վերջո դարձել է համընդհանուր ընդունված ճշմարտություն, մեծ սուտ է։ Չէ՞ որ ոչ մի կղզի չի վաճառվել, ոչ մի կղզի կոնցեսիայի չի հանձնվել, ոչ մի կղզի վարձակալության չի տրվել»,- հայտարարել է Ալբանիայի վարչապետը։
Խոսքը Ալբանիայի Ադրիատիկ ծովի ափին շքեղ զբոսաշրջային հանգստավայր կառուցելու՝ 1,4 միլիարդ եվրո արժողությամբ նախագծի մասին է։ Այն իրականացնում է Քուշների Affinity Partners ներդրումային ընկերությանն առնչվող մի ընկերություն։
Հունիսին Ալբանիայում բողոքի ցույցեր են սկսվել ափամերձ տարածքի կառուցապատման դեմ։ Բացի դրանից, նույն ամսվա սկզբին Ալբանիայի հակակոռուպցիոն դատախազները հետաքննություն են սկսել՝ կապված լայնածավալ նախագծի հետ։
Քուշները հանգստավայրի կառուցման ծրագրերի մասին հայտարարել է 2024 թվականին՝ ավելի լայն ներդրումային ծրագրի շրջանակում, որը ներառում էր նաև Բելգրադում նախկին ռազմական համալիրի վերակառուցումը։ 2025 թվականի դեկտեմբերին նա հրաժարվել է սերբական նախագծից՝ փողոցային բողոքի ցույցերի ֆոնին։




























