Nvidia-ի համահիմնադիր Ջենսեն Հուանգը հեռացել է ընկերության նախագահի ու գլխավոր տնօրենի պաշտոններից, ինչպես նաև դուրս է եկել տնօրենների խորհրդի կազմից։ Ընկերության հայտարարության համաձայն՝ նրա հրաժարականն ուժի մեջ է մտել անմիջապես։

Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Քոլեթ Քրեսը, որը միաժամանակ կշարունակի զբաղեցնել Nvidia-ի գործադիր փոխնախագահի և ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Տնօրենների խորհուրդն արդեն սկսել է մշտական ղեկավարի փնտրտուքը և կդիտարկի թե՛ ներքին, թե՛ դրսի թեկնածուների։

Քրեսը Nvidia-ում աշխատում է 2013 թվականի սեպտեմբերից։ Այդ ընթացքում նա ղեկավարել է ընկերության ֆինանսական ուղղությունն ու մասնակցել դրա զարգացմանը։ Մինչև Nvidia տեղափոխվելը նա շուրջ 25 տարի տարբեր ֆինանսական պաշտոններ է զբաղեցրել խոշոր տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ Cisco-ում և Microsoft-ում։

Տնօրենների խորհուրդը նաև Հարվի Ջոնսին նշանակել է խորհրդի նախագահ՝ առաջինն ընկերության պատմության մեջ։ Նա ավելի քան 30 տարի տեխնոլոգիական ոլորտում է՝ որպես ձեռնարկատեր, ղեկավար և վենչուրային ներդրող։ Նախկինում Ջոնսը զբաղեցրել է Synopsys ընկերության գլխավոր տնօրենի և տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնները։

Ջոնսը նշել է, որ Քրեսը քաջատեղյակ է Nvidia-ի բիզնեսին, հաճախորդներին, օպերացիոն գործունեությանն ու ֆինանսական վիճակին։ Նրա խոսքով՝ տնօրենների խորհուրդը լիովին վստահում է ժամանակավոր ղեկավարին և կառավարչական գործող թիմին։ Ընկերությունում ակնկալում են, որ ընթացիկ գործունեությունը, հաճախորդների հանդեպ պարտավորությունների կատարումն ու արտադրական ռազմավարության իրագործումը կշարունակվեն անխափան։

Քրեսն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է շարունակել Հուանգի՝ ընկերության ղեկավարման 33 տարիների ընթացքում հիմնադրած գործը և կենտրոնանալ արագացված հաշվարկների ու արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման վրա։ Նա նաև վերահաստատել է, որ Nvidia-ն կշարունակի սերտ աշխատանքը հաճախորդների, գործընկերների, ծրագրավորողների և բաժնետերերի հետ։

Տնօրենների խորհուրդն իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Հուանգին՝ ընկերության և ողջ տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Հուանգը Nvidia-ի տնօրենների խորհրդին խոստովանել էր, որ ինտիմ կապ է ունեցել մի կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը կասկածում է Պեկինի օգտին տեղեկություններ հավաքելու մեջ։ Խոսքը Էլիս Հուանգի մասին է, որին ԱՄՆ հատուկ ծառայությունները կապում են չինական հետախուզության հետ։ Դրանից անմիջապես հետո՝ նոյեմբերի 8-ին, Nvidia-ի տնօրենների խորհուրդն անկախ հետաքննություն էր սկսել։