Նոյեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգությունից հետո Կրակովում կրկին կրակոցներ են հնչել․ տղամարդը երկու անգամ կրակել է ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո նրանք պատասխան կրակ են բացել, հայտնում է RMF24-ը։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Դեպքը տեղի է ունեցել 13:00-ից հետո՝ Բեժանովսկա և Վելիչկա փողոցների խաչմերուկի շրջանում։ Ոստիկանությունը հաղորդում է ստացել մի տղամարդու մասին, որը, ենթադրաբար, երթևեկում էր ավտոմեքենայով և ձեռքում զենքի նմանվող առարկա էր պահում։

Սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ տղամարդը տեղաշարժվում էր ոտքով։ Ոստիկանների միջամտության ժամանակ նա երկու անգամ կրակել է ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։

Ոստիկանները պատասխան կրակ են բացել՝ արձակելով այսպես կոչված նախազգուշական կրակոցներ։ Դրանից հետո տղամարդը դեն է նետել ձեռքում պահած առարկան։ Ոստիկանները վնասազերծել և ձերբակալել են նրան։

«Պետք է նշել, որ միջամտության հետևանքով ոչ ոք չի տուժել»,- RMF FM-ի հետ զրույցում հայտնել է Կրակովի քաղաքային ոստիկանության վարչության կրտսեր ասպիրանտ Յակուբ Միրոխնան։

Անցյալ շաբաթ՝ նոյեմբերի 7-ին, Լեհաստանի մի քաղաքացի, որը, ենթադրաբար, ծայրահեղ աջ գաղափարախոսության ազդեցության տակ էր, կրակ է բացել Կրակովի կենտրոնական հրապարակում։ Հրաձգության զոհ է դարձել վեց մարդ՝ երկու տղամարդ և չորս կին, ևս 16 մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ հինգ օտարերկրացի Ավստրիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից։

Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել և ձերբակալել հարձակվողին։ Ավելի ուշ կասկածյալը մահացել է հիվանդանոցում։ Նրա տանը հայտնաբերվել են երեք մարդու՝ նրա ծնողների և քրոջ դիերը։ Երկրում երկօրյա սուգ է հայտարարվել։