Իրանը ԱՄՆ-ի ցանկացած հարձակման կպատասխանի տասնապատիկ ավելի հզոր հարվածով։ Դրա մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նախորդ հարձակումներից հնգապատիկ ավելի հզոր հարված հասցնել, հայտնում է Mehr-ը։
Շեքարչին ընդգծել է, որ Իրանը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից, իսկ նրա զինված ուժերը զգալիորեն ավելի լավ են պատրաստված և զինված՝ համեմատած մինչև 2025 թվականի հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածի հետ, երբ սկսվեց Իրանին պարտադրված երկրորդ պատերազմը։
Գեներալն ընդգծել է, որ եթե հակառակորդը կրկին փորձի հարձակվել երկրի վրա, իրանական ուժերը առավելագույն ուժգնությամբ հարվածներ կհասցնեն հակառակորդի նյութական և ոչ նյութական ակտիվներին, որոնք ընդգրկված են հնարավոր թիրախների ցանկում։
Շեքարչին միաժամանակ նշել է պարտադրված երկրորդ և երրորդ պատերազմների իրադարձությունները ներկա և ապագա սերունդների համար փաստագրելու կարևորությունը։ Նա նշել է, որ համապատասխան հիմնադրամն օգտագործում է իրանա-իրաքյան ութամյա պատերազմի փորձը, ներառյալ՝ դրանից քաղված դասերն ու բացահայտված թերությունները։ Նյութերի հավաքման և պահպանման աշխատանքներին մասնակցում են զինված ուժերն ու պետական կառույցները։




























