Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից 16-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ հնարավորություն կունենա ծանոթանալ տեղական ինքնակառավարման ոլորտում միջազգային փորձին, մասնակցել դասընթացների և ձեռք բերել գործնական գիտելիքներ:
Ծրագիրն իրականացվում է է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդների շահերի պաշտպանում տեղական հարցերում» (Youth Advocacy for Local Affairs – YALA) միջազգային նախագծի շրջանակում, որի գործընկեր Հայաստանում «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է:
YALA նախագիծն իրականացվում է չորս երկրներից ընտրված կազմակերպությունների միջազգային համագործակցությամբ․ Հունաստանից ընտրված է Պագայոյի քաղաքապետարանը, Բուլղարիայից՝ Ստարա Զագորայի քաղաքապետարանը, Վրաստանից՝ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարանը, իսկ Հայաստանից՝ «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ -ն:
«Նախագիծը հենվում է Պագայոյում շուրջ չորս տարի հաջողությամբ գործող Երիտասարդական մունիցիպալ խորհրդի լավագույն փորձի վրա՝ նպատակ ունենալով խորացնել անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան ավազանում ԵՄ անդամ և գործընկեր երկրների միջև։ Նախագծի շրջանակում մասնակիցները կզարգացնեն առաջնորդության, շահերի պաշտպանության, հանրային խոսքի և ծրագրերի կառավարման հմտություններ, ինչպես նաև կծանոթանան ԵՄ և միջազգային ֆինանսավորման հնարավորություններին։ Արդյունքում կձևավորվի երիտասարդների և գործընկեր կազմակերպությունների կայուն միջազգային ցանց, որը կշարունակի իր գործունեությունը նաև նախագծի ավարտից հետո։ Մեզ համար նաև պատիվ է, որ Հայաստանից որպես գործընկեր ընտրվել է հենց «Դիլիջանի համայնքային կենտրոնը», ինչը և՛ պարտավորեցնող է, և՛ մեր աշխատանքի լավագույն գնահատականն է»,-ասում է «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:
Ծրագրի շրջանակում նախատեսված են ուսումնական փոխանակման այցեր, մասնագիտական դասընթացներ և աշխատաժողովներ, միջսերնդային երկխոսության հարթակներ և համայնքային նախաձեռնություններ, քաղաքականության առաջարկների ու գործողությունների ընթացակարգի մշակման և հանրային իրազեկման արշավներ։ Հոկտեմբերին Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում արդեն իսկ կայացել է նախագծի առաջին աշխատանքային այցն ու գործընկերների հանդիպումը: Մասնակիցներն ուսումնասիրել են Ստարա Զագորայի Երիտասարդական մունիցիպալ խորհրդի և Երիտասարդական օմբուդսմենի ինստիտուտի հաջողված փորձը, քննարկել այդ մեխանիզմը Դիլիջանում տեղայնացնելու հնարավորությունները, ինչպես նաև հստակեցրել ծրագրի առաջիկա ռազմավարական քայլերը։
«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ն հիմնադրվել է 2014 թվականին՝ բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։ Ըստ նրանց տեսլականի՝ համայնքային կենտրոնը պետք է հարթակ դառնար գիտելիքների փոխանցման, բնակավայրի զարգացմանն ուղղված գաղափարների, առաջարկների քննարկման ու համայնքակենտրոն ծրագրերի իրականացման համար: 2014–2025 թվականներին «Դիլիջանի համայնքային կենտրոն»-ը իրականացրել է 725 ծրագիր և համայնքային միջոցառում՝ ներգրավելով ավելի քան 34,628 շահառուի:





























